Ներկայումս, ինչպես և 107 տարի առաջ, Հայաստանը կանգնած է նոր մարտահրավերների առաջ՝ անվտանգային, քաղաքական, սոցիալական ու բարոյահոգեբանական, Անկախության տոնի առթիվ իր ուղերձում նշել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը:
«Դրանց հաղթահարման ճանապարհն անցնում է միահամուռ աշխատանքի, սթափ և իրատեսական մտածողության, հանրային համերաշխության և ժողովրդավարության արժեքներին հավատարմության միջով»,- հավելել է նա:
Ըստ նախագահի՝ Առաջին Հանրապետությունն իր օրինակով ցույց է տվել, որ նույնիսկ ամենադժվարին իրադրության մեջ հնարավոր է սեփական ուժերով հիմնել պետականություն։
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն էլ հավելել է, որ ներկայիս սերունդն իր պատասխանատու դերակատարումն ունի՝ կառուցելու այնպիսի երկիր, որտեղ պետությունը ծառայում է քաղաքացուն, իսկ քաղաքացին իրեն զգում է պաշտպանված:
«Մայիսի 28-ը միայն անցյալի մասին չէ: Այն մեր ընթացքն է դեպի ապագա, դեպի կայուն, արդար ու ուժեղ պետություն»,- ասված է խորհրդարանի ղեկավարի ուղերձում:
107 տարի առաջ՝ այս օրը, 1918 թվականի մայիսի 28-ին, Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսական ճակատամարտերից հետո հռչակվել էր Հայաստանի Առաջին Հանրապետությունը, որը հիմնադրվել էր հայ ժողովրդի համար ամենածանր ժամանակահատվածում և գոյատևել ընդամենը երկու տարի։ Չնայած իր կարճատև գոյությանը՝ Առաջին Հանրապետության դերը հայոց պետականության վերականգնման գործում չգերագնահատվող է։