Հայաստանը մայիսի 28-ին տոնում է Հանրապետության տոնը: Այն խորհրդանշում է հայ ժողովրդի անկախ պետականության վերականգնումը 1918 թվականին։ Չնայած Առաջին Հանրապետության կարճատև գոյությանը (մինչև 1920թ.), այն համարվում է անկախության, ինքնիշխանության և հավաքական կամքի հաղթանակի խորհրդանիշ:
Armenia Today-ի նկարահանող խումբը քաղաքացիներից հետաքրքրվել է, թե ի՞նչ է նրանց համար այսօր նշանակում անկախության տոն Հայաստանում, ի՞նչ է խորհրդանշում Առաջին Հանրապետության տոնը: Նաև հարցրել ենք, թե հաշվի առնելով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին տարիներին խոսում է «Իրական Հայաստանի» տեսլականի մասին, իսկ Արցախն օկուպացված է, արդյոք այս երկու մոտեցումները չե՞ն հակասում Առաջին Հանրապետության արժեքներին:
Հարցվածների մեծ մասը համարում է, որ անկախ երկրում է ապրում, որտեղ կա խոսքի ազատություն և ապահովություն:
«Համեմատած մի քանի տարի առաջվա՝ բավականին անկախ է»,- ասել է հարցման մասնակիցներից մեկը:
«Խոսքն ազատ է, մարդիկ ազատ են ապրում: Ես ինձ ազատ եմ զգում»,- հավելել է մեկ այլ քաղաքացի:
Դիտարկմանը, թե արդյոք անկա՞խ է Հայաստանն այսօր՝ հաշվի առնելով Արցախի կորուստը, նա արձագանքել է. «Մենք հիշենք, որ Արցախը 20-30 տարի ոնց են կերել, թալանել ու նվիրել Ադրբեջանին»:
Քիչ չէին նաև քաղաքացիները, ովքեր կարծում եմ, որ ներկայիս պայմաններում անկախությունը մասամբ է կամ բացակայում է. «Մենք այնպիսի բարդ իրավիճակում ենք հիմա ապրում, որ ստիպված ենք բարդ քաղաքականություն վարել, մինչև ոտքի կանգնենք: Ո՛չ կարելի է Առաջին Հանրապետությունն ուրանալ, ո՛չ էլ Արցախը»:
Հարցման մեկ այլ մասնակից էլ ասել է, որ ելնելով այն հանգամանքից, թե ինչպես է որոշվում ՀՀ արտաքին քաղաքականության ուղղվածությունը, ամբողջական անկախության մասին չի կարելի խոսել:
«Անկախության տոնն ինձ համար մեր դարերով անցած պայքարի հաջողության դրսևորումն է, որն ամեն կերպ պիտի պահենք»,- նշել է նա:
Մանրամասները՝ Armenia Today-ի տեսանյութում