Ծննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել, հայտնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը։
«Ձեր զբոսաշրջային վիզան չի թույլատրվում օգտագործել ԱՄՆ-ում ծննդաբերելու և նորածնին ԱՄՆ քաղաքացիություն ապահովելու նպատակով։ Վիզայի դիմումը քննող հյուպատոսական պաշտոնյան կարող է մերժել վիզայի տրամադրումը, եթե հիմքեր ունի կարծելու, որ մեկնում եք ծննդաբերության նպատակով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Մայիսի 3-ին դեսպանատունը հայտնել էր, որ քրեական հանցանքի համար դատվածությունը կարող է անձին զրկել ԱՄՆ մուտք գործելու հնարավորությունից։
Ապրիլի 27-ին դեսպանատունն զգուշացրել էր, որ ԱՄՆ-ում վիզայով սահմանված ժամկետից երկար մնալը կարող է հանգեցնել Միացյալ Նահանգներ մուտքի մշտական արգելքի։ Ապրիլի 14-ին Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանությունը քաղաքացիներին կոչ էր արել խստորեն հորդորել ԱՄՆ-ում անօրինական կերպով գտնվող իրենց ծանոթներին ինքնակամ լքել երկիրը։ Հակառակ դեպքում՝ այդ քաղաքացիներին կբացահայտեն պետական մարմինները: