ՀՀ Ազգային Ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները որոշում են կայացրել չմիանալ ՀՀ ԱԺ պատգամավորներ Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի ներկայացրած վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանի առաջադրման գործընթացին, հայտնել է խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
«Ներկայացվող թեկնածուն իր քաղաքական հետագծով ոչնչով չի տարբերվում գործող կառավարիչներից և նույնչափ կրում է մեր երկրի ծանր իրավիճակի պատասխանատվությունը։ Այլ կերպ ասած՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունը դեմ է Նիկոլ Փաշինյանին «Նիկոլ Փաշինյան 2»-ով փոխարինելու գործընթացին, հետևաբար թեկնածուի հետ հանդիպման անհրաժեշտություն չենք տեսնում»,- գրել է նա։
Մամիջանյանը հավելել է, որ թեկնածու առաջադրած պատգամավորները որոշման հետ կապված հավելյալ տեղեկություն ստանալու համար կարող են դիմել «Պատիվ ունեմ» խմբակցությանը։
Հայաստանում ընդդիմությունը վարչապետին իմփիչմենթի ենթարկելու երկու նախաձեռնություն է առաջ քաշել։ Ապրիլին ընդդիմադիր գործիչներ Նարեկ Մալյանն ու Էդգար Ղազարյանը իմփիչմենթ անցկացնելու կոչով դիմել էին խորհրդարանի պատգամավորներին: Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» դաշինքը պատրաստակամություն էր հայտնել աջակցել այս նախաձեռնությանը, մինչդեռ «Հայաստան» դաշինքը կասկածի տակ էր դրել նախաձեռնության հեղինակների անկեղծությունն ու Փաշինյանին հեռացնելու համար նախ փողոցային ճնշումների կոչ էր արել: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից ավելի վաղ դուրս եկած պատգամավորներ Հակոբ Ասլանյանն ու Հովիկ Աղազարյանը վարչապետի պաշտոնում առաջարկել էին ՀՀ հատուկ հանձնարարարություններով դեսպան նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի թեկնածությունը, և բանակցություններ սկսել խորհրդարանական խմբակցությունների հետ: