Իմ թիվ մեկ նպատակն է, որ իմփիչմենթը տեղ հասնի՝ անսալով իրենց նախաձեռնած պրոցեսին, և պաշտոնանկել Նիկոլ Փաշինյանին, լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը: Նրա թեկնածությունը վարչապետի պաշտոնում առաջարկել էին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից ավելի վաղ դուրս եկած պատգամավորներ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը:
«Փաշինյանի կառավարությունն արդեն երկար ժամանակ է՝ շեղվել է իր ծրագրից, որն անվստահության հիմք է»,- հավելել է ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպանը:
Նա հայտնել է, որ այսօր նախատեսված են հանդիպումներ արտախորհրդարանական երեք քաղաքական ուժերի հետ, սակայն չի նշել, թե որոնք են այդ ուժերը:
Վարչապետի նախկին թիմակիցներ Աղազարյանն ու Ասլանյանը նախաձեռնության մասին հայտարարելիս շեշտել էին նաև խորհրդարանական խմբակցությունների հետ բանակցություններ սկսելու մեկնարկի անհրաժեշտության մասին:
Մարուքյանը հավելել է, որ խնդիր չի տեսնում, եթե ԱԺ երեք խմբակցություններից քվեարկեն իր թեկնածության օգտին:
«Պատգամավորներն այդ պրոցեսը կտանեն մինչև վերջ, կլինի վարչապետի փոփոխություն, չեն տանի, չի լինի» – նշել է նա:
Նախկին դեսպանը չի համաձայնել քննադատությունների հետ, թե ինքն ընդունելի թեկնածու չէ հանրության համար, քանի որ Փաշինյանի իշխանության օրոք է զբաղեցրել դեսպանի պաշտոնը:
Հայաստանում ընդդիմությունը Փաշինյանին իմփիչմենթի ենթարկելու երկու նախաձեռնություն է առաջ քաշել։ Ապրիլին ընդդիմադիր գործիչներ Նարեկ Մալյանն ու Էդգար Ղազարյանը իմփիչմենթ անցկացնելու կոչով դիմել էին խորհրդարանի պատգամավորներին: Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» դաշինքը պատրաստակամություն էր հայտնել աջակցել այս նախաձեռնությանը, մինչդեռ «Հայաստան» դաշինքը կասկածի տակ էր դրել նախաձեռնության հեղինակների անկեղծությունն ու Փաշինյանին հեռացնելու համար նախ փողոցային ճնշումների կոչ էր արել: