Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում հանդիպել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հայտնել է վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը:
Կառավարության հաղորդմամբ՝ երկու երկրների ղեկավարները կարևորել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը։ Փաշինյանն ու Ալիևը քննարկել են ընթացիկ վիճակը և կարևորել ստորագրման ուղղությամբ գործընթացի շարունակականությունը:
Երկու երկրների ղեկավարները Տիրանայում մասնակցում են Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին: Փաշինյան-Ալիև ևս երկու հանդիպում նախկինում՝ 2022-ին և 2023-ին, կայացել էր կրկին այս գագաթնաժողովի շրջանակներում:
Մայիսի 15-ին Փաշինյանն ադրբեջանցի լրագրողին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Բաքվում կան շրջանակներ, որոնք ձգտում են հակամարտությունը տեղափոխել Հայաստանի տարածք: Նա հիշեցրել էր, որ հայկական կողմն առաջարկում է միաժամանակ ստորագրել խաղաղության պայմանագիր և ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ հայտարարություն՝ Մինսկի խմբի կառույցները լուծարելու մասին:
Մարտի 13-ին Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր, որ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունների գործընթացն արդեն ավարտված է։ Պաշտոնական Երևանը հաստատել էր նախագծի հաստատման ավարտը, ավելին՝ հայտարարել, որ պատրաստ է Բաքվի հետ սկսել խորհրդակցություններ համաձայնագրի ստորագրման ժամկետների և վայրի շուրջ։