ԱԺ «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Դավիթ Դանիելյանը ցանկանում է դառնալ Սյունիքի մարզպետ, ինչի պատճառով նրա և մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հարաբերությունները լարված են, գրել է «Հրապարակ»-ը։
Ըստ թերթի՝ Դանիելյանը մարզպետի պաշտոնին փորձում է հասնել իր մտերիմ, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի միջոցով։
Մայիսի 10-ին Փաշինյանը Սյունիքում մասնակցել էր Դանիելյանի հոր՝ գեղանկարիչ Հրանտ Դանիելյանի, արվեստանոց-թանգարանի բացմանը։
Լրատվականի տեղեկությամբ՝ մարզպետն օդանավակայանում դիմավորել էր Փաշինյանին, սակայն նրա հետ չէր գնացել բացմանը, քանի որ պատգամավորը նրան չէր հրավիրել։ Փոխարենը՝ միջոցառմանը ներկա էին անգամ համայնքապետերը՝ Գևորգ Փարսյանը, Առուշ Առուշանյանը, Մանվել Փարամազյանը, պատմել է թերթը։ Դանիելյանը լրատվականին չի պատասխանել՝ հրավիրե՞լ է արդյոք մարզպետին: