Ռուսաստանը պատրաստ է խորացնել և ամրապնդել հարաբերությունները Հայաստանի հետ՝ հարմարեցնելով դրանք նոր քաղաքական իրողություններին, հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Մենք Հայաստանը դիտարկում ենք որպես եղբայրական երկիր և մեր դաշնակից, որի հետ պատրաստ ենք ավելի խորացնել հարաբերությունները, այդ թվում՝ համաեվրասիական ինտեգրման շրջանակներում»,- ընդգծել է դեսպանը Հայրենական մեծ պատերազմում զոհված հայ զինվորների հուշարձանի մոտ ծաղկեպսակ դնելու արարողության ժամանակ։
Չնայած հայ-ռուսական լարված հարաբերություններին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 8-ին մեկնել էր Մոսկվա՝ մասնակցելու Հաղթանակի օրվան նվիրված միջոցառումներին:
Ավելի վաղ՝ մայիսի 5-ին, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Ռուսաստանին մեղադրել էր Հայաստանի դեմ «հիբրիդային պատերազմ» սկսելու մեջ։ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մայիսի 6-ին, մեկնաբանելով Սիմոնյանի հայտարարությունները, ափսոսանք էր հայտնել դրանց կապակցությամբ: