Պակիստանը մայիսի 7-ի լույս 8-ի գիշերը կրակ է բացել Հնդկաստանի կողմից վերահսկվող Ջամու և Քաշմիր շրջանների օբյեկտների ուղղությամբ, հայտարարել են Հնդկաստանի ցամաքային ուժերը։
«Պակիստանի բանակի հենակետերը հրաձգային զենքից և հրետանուց գնդակոծել են վերահսկողության գծի ամբողջ տարածքը։ Հնդկական ցամաքային ուժերը պատասխան հարված են հասցրել»,- նշել են հնդիկ զինվորականները։
Հնդկաստանի և Պակիստանի միջև հարաբերությունները սրվել էին ապրիլի 22-ին Քաշմիրում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, որի հետևանքով զոհվել էր 26 մարդ: Նյու Դելին Իսլամաբադին մեղադրել էր ահաբեկչությանը մասնակցելու մեջ։ Մայիսի 7-ին Հնդկաստանը հրթիռային հարվածներ էր հասցրել Պակիստանի կողմից վերահսկվող տարածքներում գտնվող ինը թիրախի ուղղությամբ։ Պակիստանի ռազմաօդային ուժերը պատասխան հարվածներ էին հասցրել։ Երկու կողմից զոհեր կան: