Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունների թեման այժմ վարում է ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոն, պարզել է ռուսական «Վեդոմոստի» թերթը:
Այդ գործառույթներն ավելի վաղ վերահսկում էր փոխվարչապետ Դմիտրի Կոզակը, սակայն այժմ Հայաստանի, ինչպես նաև Աբխազիայի, Հարավային Օսիայի և Մոլդովայի հետ աշխատանքը փոխանցվել է Կրեմլի ներքաղաքական բլոկին, պնդում են ՌԴ նախագահի աշխատակազմում «Վեդոմոստի»-ի աղբյուրները:
Այս փուլում, ինչպես նշում են աղբյուրները, Կիրիենկոյի գործունեությունն այս ուղղությամբ կենտրոնացած է տեղեկատվական օրակարգի վրա։ Գլխավոր խնդիրը «փափուկ ուժի կիրառումն է ռուսական շահերի ամրապնդման համար»։ Երկարաժամկետ հեռանկարում հնարավոր է Հայաստանում 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ նոր խնդիրների ավելացում։
Լրատվականը գրում է, որ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները շարունակում են վատթարանալ, ինչը կապված է Հայաստանի ղեկավարության քաղաքական կուրսի հետ. Հայաստանը, ըստ «Վեդոմոստի»-ի զրուցակիցների, թեքվում է դեպի արևմտյան երկրներ: Ռուսամետ քաղաքական գործիչներ երկրում գրեթե չեն մնացել, բացի նախկին նախագահներ Սերժ Սարգսյանից և Ռոբերտ Քոչարյանից։ Սակայն, ինչպես ընդգծում են աղբյուրները, այժմ հիմնական շեշտը դրվում է ոչ թե ընտրությունների, այլ տարածաշրջանում ռուսական ներկայության պահպանման վրա։
«Հրապարակ» թերթը մարտի 20-ին գրել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է պետական բոլոր գերատեսչություններին ՌԴ-ի հետ միջգերատեսչական հորիզոնական կապերն ու շփումները վերականգնել ու մասնակցել բոլոր միջոցառումներին, հանդիպումներին: Միաժամանակ՝ Հայաստանի վարչապետը հաստատել էր մասնակցությունը Մոսկվայում կայանալիք Մայիսի 9-ի տոնակատարությանը։