Իշխանությունները մտադիր են Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանին նշանակել ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ, գրել է «Հրապարակ» օրաթերթը։
Պաշտոնը թափուր է մոտ երկու ամիս՝ Եղիշե Կիրակոսյանի մարտի 6-ին տված հրաժարականից հետո։ Այդ ժամանակվանից ի վեր Դրմեյանը կատարում է Կիրակոսյանի պարտականությունները։
Թերթը Դրմեյանին հարցրել է ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի պաշտոնում նշանակվելու հնարավորության մասին, սակայն վերջինս ուղղորդել է լրագրողին կապ հաստատել մամուլի քարտուղարի հետ։
«Այս գրասենյակի հետ առնչություն ունեցողները կարծում են, որ Կիրակոսյանին դժվար է լինելու համարժեքորեն փոխարինելը` նա այս իշխանության հետ համագործակցող սակավաթիվ գրագետ իրավաբաններից է, ով նաև, փաստորեն, պարզվեց` սկբունքներ էլ ունի»,- նշել է լրատվականը։
Մարտի 5-ին մամուլը գրել էր, որ Կիրակոսյանի գլխավորությամբ գրասենյակի ամբողջ անձնակազմն աշխատանքից ազատման դիմում է գրել։ Գրասենյակից հերքել էին տեղեկությունը՝ նշելով, որ կառույցը «բնականոն հունով շարունակում է իր գործառույթների իրականացումը»։
Մարտի 8-ին մամուլը գրել էր, որ Կիրակոսյանը հեռացել է զբաղեցրած պաշտոնից՝ միջազգային ատյաններում հայ ռազմագերիների գործերի քննությունը շարունակելու և Արդարադատության նոր նախարար նշանակելու հարցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով։