Տաշիր քաղաքի մշակույթի տան շենքում ապրիլի 29-ին տեղի կունենա Ռուսական կենտրոնի հանդիսավոր բացումը, հայտնել են կազմակերպիչները։
Կենտրոնը «Մեր ապագան» կրթամշակութային բարեգործական հիմնադրամի ծրագրի շրջանակներում բացվող 12-րդ կառույցն է։ Բացման հանդիսավոր միջոցառմանը ներկա կլինեն ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, Տաշիրի քաղաքապետարանի ղեկավար Էդգար Արշակյանը, «Մեր ապագան» հիմնադրամի գործադիր տնօրեն Վահրամ Կարապետյանը:
Արարողությունը կմեկնարկի ժամը 13:00-ին կարմիր ժապավենի խորհրդանշական կտրման արարողությամբ։
«Ռուսական ևս մեկ կենտրոնի բացումը կարևոր փուլ է Հայաստանի և Ռուսաստանի միջև հումանիտար համագործակցության զարգացման գործում։ Նոր կենտրոնը նախատեսում է դառնալ մշակույթների հանդիպման վայր, հարթակ՝ ռուսաց լեզվի ուսումնասիրության, ռուսական գրականության, պատմության և արվեստի հետ ծանոթանալու համար։ Սա մի տարածք է, որտեղ ծնվելու են նոր գաղափարներ, կրթական ու ստեղծագործական նախագծեր՝ միավորելով սերունդներն ու ազգերը»,- ասվում է հաղորդագրությունում։
Բացման շրջանակներում Տաշիրի Ռուսական կենտրոնում կներկայացվի երեխաների համար լրացուցիչ կրթական նոր դասընթաց՝ «Ֆինանսական գրագիտություն» խորագրով: Կներկայացվեն «Ֆինանսների այբբենարանը» կրթական սարքավորումներ՝ ներառյալ ինտերակտիվ մոդուլներ և խաղային մանկական բանկոմատ: Սա առաջին նման սարքավորումն է Հայաստանում, որը նախատեսված է երեխաներին ներկայացնելու հիմնական ֆինանսական հասկացությունները, փողի հետ աշխատելու հմտությունները և տնտեսագիտության տարրերը: