Օմանում ավարտվել է Միացյալ Նահանգներ-Իրան միջուկային բանակցությունների երրորդ փուլը, հայտնում է իրանական ISNA պետական լրատվական գործակալությունը։
Քննարկումը վերաբերել է Թեհրանի նկատմամբ որոշ պատժամիջոցների վերացման հեռանկարին՝ միջուկային գործունեության վերաբերյալ որոշակի պահանջների կատարման պայմանով։
Ապրիլի 12-ին երկու երկրների ներկայացուցիչներն Օմանում անուղղակի բանակցություններ են վարել Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Ըստ լրատվամիջոցների՝ Թեհրանը Վաշինգտոնին հայտնել էր, որ պատրաստ է սահմանափակել ուրանի հարստացումը, եթե իրեն տրվեն հուսալի երաշխիքներ, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին չի հրաժարվի գործարքից։ Վաշինգտոնը 2018-ին՝ Թրամփի պաշտոնավարման առաջին ժամկետում, միակողմանինորեն դուրս է եկել միջուկային համաձայնագրից և սահմանափակումներ մտցրել Թեհրանի նկատմամբ:
Ապրիլի 19-ին Հռոմում անցկացվել էր Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը։ 4 ժամ տևած բանակցությունների ընթացքում պատվիրակությունները ավելի մեծ փոխըմբռնման էին հասել մի շարք հարցերի շուրջ։ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտնել էր, որ Վաշինգտոնը դեռևս չի փորձել հատել Թեհրանի «կարմիր գծերը» և չի ձգտել բանակցային օրակարգում ներառել միջուկային ծրագրից դուրս հարցեր։