ԿԳՄՍՆ-ն հերքել է կրթօջախներին ջահերով երթին չմասնակցելու մասին շրջաբերականներ ուղարկելու տեղեկությունը, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը։
Ըստ թերթի՝ մի քանի ուսանող իրենց հայտնել է, որ նախարարությունից շրջաբերականներ են ուղարկվել բուհեր և դպրոցներ, որպեսզի ուսանողները և աշակերտները չմասնակցեն Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի նախօրյակի՝ ավանդական դարձած ջահերով երթին: Սակայն նախարարի մամուլի խոսնակ Նելլի Վահանյանը հերքել է տեղեկությունը, նշել է թերթը։
Ավելի վաղ մամուլը գրել էր, որ իշխանություններն անհանգստանում են, որ ջահերով երթի միջոցառումները կարող են հակաիշխանական ցույցի վերածվել՝ թույլ չտալով, որ ապրիլի 24-ի առավոտյան իշխանությունն այցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։
Ապրիլի 24-ին նշվում է Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը, որը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է։ Այս օրը հայերը և ամբողջ քաղաքակիրթ աշխարհը հարգանքի տուրք են մատուցում մարդկության դեմ կատարված հրեշավոր հանցագործության զոհերի հիշատակին, որը խլել է մեկուկես միլիոնից ավելի հայերի կյանք։
Armenia Today-ի խմբագրակազմը հավաքել է Ցեղասպանության վերաբերյալ հիմնական ուսումնասիրություններ, ինչպես նաև արվեստի գործեր և դժոխքի տանջանքները վերապրած մարդկանց հիշողություններ։