ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խոսել է Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նիստի շրջանակներում ադրբեջանցի գործընկերոջ՝ Սահիբա Գաֆարովայի հետ ունեցած զրույցի մասին։ Նա պատասխանել է լրագրողների հարցերին, թե ինչու, հաշվի առնելով Բաքվի հետ համաձայնեցված խաղաղության համաձայնագրի տեքստը, Ադրբեջանը պարբերաբար կրակում է Հայաստանի սահմանամերձ շրջանների վրա։
«Մենք այսժմ ունենք համաձայնեցված փաստաթուղթ, ես փոքր զրույց եմ ունեցել Ադրբեջանի ԱԺ նախագահի հետ, և իմ տպավորություններով պետք է ասեմ, որ որևէ փակուղու մասին պետք չէ խոսել։ Գործընթացը նաև ադրբեջանական կողմին է ձեռք տալիս, որ հնարավորինս արագ ավարտին հասցվի»,- ընդգծել է Սիմոնյանը:
ԱԺ նախագահը չի կարծում, որ սահմանին կրակոցները վտանգում են խաղաղության գործընթացը։ Նա չի մանրամասնել Գաֆարովայի հետ զրույցը՝ նշելով, որ «նրանք ժամերով մասնակցել են հանդիպման, նստել կողք-կողքի և քննարկել տարբեր հարցեր»։
«Պայմանավորվեցինք, որ հրապարակային չենք խոսի այս մասին, և ես չեմ ուզում սրա մասին խոսել՝ առավել ևս որևիցե նոր և դարակազմիկ բան չկա։ Էլ չեմ ասում, որ ինչ-որ բան որոշում ենք կամ որոշելուն մոտ խոսակցություն է տեղի ունեցել»,- եզրափակել է Սիմոնյանը։
Մարտի 13-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտի մասին՝ հայկական կողմի վերջին երկու կետերի վերաբերյալ Բաքվի առաջարկներն ընդունելուց հետո։ Հայաստանի ԱԳՆ-ն հաստատել էր լուրը և հայտարարել, որ Երևանը պատրաստ է Բաքվի հետ քննարկել համաձայնագրի ստորագրման ժամկետները և վայրը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասնել էր Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի երկու կետերի բովանդակությունը և հաստատել, որ հարցերը վերաբերում էին հայ-ադրբեջանական սահմանին երրորդ երկրների ներկայացուցիչների բացակայության դրույթին, ինչպես նաև միջազգային դատարաններում հայցերը հետ կանչելու խնդրին։ Մարտի 13-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Բաքվի վստահության մակարդակը Հայաստանի նկատմամբ «մոտ է զրոյին»։