Թբիլիսիում մեկնարկել է Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխարտգործնախարարներ Լաշա Դարսալիայի, Վահան Կոստանյանի և Էլնուր Մամեդովի հանդիպումը, հաղորդում է 1tv.ge-ն։
Վրաստանի արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ հանդիպման նպատակն է քննարկել եռակողմ համագործակցության հնարավոր ոլորտները, ինչպես նաև ընդհանուր շահերի փոխանակումը, որը կնպաստի երկրների միջև փոխշահավետ գործնական եռակողմ համագործակցության զարգացմանը, որը, վերջին հաշվով, ուղղված կլինի տարածաշրջանի բարգավաճմանը, կայունությանը և կայուն զարգացմանը։
Գերատեսչությունն ընդգծում է, որ հանդիպումը լրացնում է առկա փոխգործակցության ձևաչափերը և նպատակ ունի զարգացնել կառուցողական և փոխշահավետ հարաբերություններ։
Հանդիպման անցկացման նախաձեռնությունը պատկանում է երեք երկրների արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարներին՝ Արարատ Միրզոյանին, Մակա Բոչորիշվիլիին և Ջեյհուն Բայրամովին։ Միջոցառումը բացել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլին, որից հետո քննարկումը շարունակվել է փակ ձևաչափով։