Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին ապրիլի 28-29-ը կայցելի Հայաստան, հայտնում է «Սպուտնիկ Գրուզիան»՝ հղում անելով Վրաստանի նախագահի վարչակազմին։
Այցի նպատակն է խորացնել երկու հարևան երկրների միջև համագործակցությունը, ասվում է հաղորդագրության մեջ։ Կավելաշվիլին հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ։
Ավելի վաղ՝ ապրիլի 16-ին, Վրաստանի նախագահն այցելել էր Ադրբեջան։ Բաքվում իր ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ Կավելաշվիլին հայտարարել էր, որ Վրաստանը պատրաստ է իր ներդրումն ունենալ Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացում։
Մարտի 13-ին Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր, որ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունների գործընթացն արդեն ավարտված է։ Մարտի 14-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մանրամասներ էր ներկայացրել խաղաղության պայմանագրի դրույթների մասին։