Գյումրու նոր քաղաքապետ Վարդան Ղուկասյանը չի բացառել 2026 թվականին Հայաստանի վարչապետի պաշտոնում առաջադրվելու հնարավորությունը։ Այս մասին նա հայտարարել է Armenia Today-ի հեռարձակած մամուլի ասուլիսի ժամանակ։
«Եթե շատերն ինձ ասեն, որ իրենց կարծիքով՝ պետք է այս պատասխանատվությունը (վարչապետի պաշտոնում առաջադրվելու-խմբ.) ինքս ինձ վրա վերցնեմ, իրենց համաձայնությունը տան և իմ կողքին կանգնեն, ապա՝ այո՛»,- ասել է նա։
Ղուկասյանը Գյումրիի քաղաքապետ է ընտրվել նոր ավագանու առաջին նիստում՝ ապրիլի 16-ին։
Գյումրիի ընտրություններին մասնակցող «Իմ հզոր համայնք» կուսակցության և «Մայր Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները մարտի 31-ին հայտարարել էին իրենց ձայները Ղուկասյանին տալու որոշման մասին, ինչի արդյունքում իշխող ՔՊ-ն զրկվել էր մեծամասնություն կազմելու հնարավորությունից, քանի որ 50 տոկոսից ավելի ձայներ չէր հավաքել։ Ընտրություններից 6 օր անց՝ ապրիլի 4-ին, իր ձայները Ղուկասյանին տալու մասին էր հայտնել նաև «Մեր քաղաքը» դաշինքի ցուցակը գլխավորող ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը։