Գյումրու կառավարումը դատապարտված է ձախողման, ճգնաժամն անխուսափելի է, հանուն Գյումրու և գյումրեցու պետք է գնալ նոր արտահերթ ընտրությունների, հայտարարել է համայնքի ավագանու ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորած Սարիկ Մինասյանը։
Նա այս հայտարարությունն արել է Գյումրիում նորընտիր ավագանու առաջին նիստի մեկնարկին զուգահեռ, որին ՔՊ-ն չի մասնակցում։ Ապրիլի 16-ի այս նիստի օրակարգում քաղաքապետի ընտրության հարցն է:
«Ես տեր եմ յուրաքանչյուրիդ քվեին և առաջնորդվելով հենց այս գաղափարով՝ հայտարարում եմ, որ ՔՊ-ն գյումրեցիներից խաբեությամբ քվեներ կորզածների և դրանք ուրիշին մատուցելու պատրաստ ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ կայանալիք նորընտիր ավագանու առաջին նիստին չի մասնակցելու»,- նշել է Մինասյանը։
Նա Գյումրու ավագանու անդամներին կոչ է արել «քվեարկել խղճի մտոք, չընդունել այլոց հաշվարկների արդյունքում պարտադրված որոշումը և չստվերել Գյումրու ապագան»։
«Գյումրին չպետք է դառնա մշուշոտ ապագայով քաղաք, սա չի բխում գյումրեցու շահից: Ձեր սխալ քայլի հետևանքը ձեր երեխան ու անձամբ դուք եք կրելու, որքան էլ խուսափեք այդ պատասխանատվությունից»,- հավելել է նա։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջնական տվյալներով՝ Գյումրիում ՔՊ-ն ստացել էր 17 188 քվե (14 մանդատ), Փարաքարում պարտվել էր՝ ստանալով 3669 քվե (7 մանդատ)։
Գյումրիի ընտրություններին մասնակցող «Իմ հզոր համայնք» կուսակցության և «Մայր Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները մարտի 31-ին հայտարարել էին իրենց ձայները Հայաստանի Կոմունիստական կուսակցության քաղաքապետի թեկնածու, նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին տալու որոշման մասին, ինչի արդյունքում իշխող ՔՊ-ն կզրկվի մեծամասնություն կազմելու հնարավորությունից, քանի որ 50 տոկոսից ավելի ձայներ չի հավաքել։ Ընտրություններից 6 օր անց՝ ապրիլի 4-ին, իր ձայները Ղուկասյանին տալու մասին էր հայտարարել նաև «Մեր քաղաքը» դաշինքի ցուցակը գլխավորող ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը։