Ադրբեջանին առաջարկում ենք խաղաղության համաձայնագիրը և Մինսկի խմբի կառույցները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումն ստորագրել միաժամանակ, ԱԺ-ում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այսինքն՝ սեղանին դնել խաղաղության համաձայնագիրը և ԵԱՀԿ ՄԽ կառույցները լուծարելու մասին համատեղ դիմումը, ապա նույն տեղում, նույն պահին ստորագրել թե՛ առաջինը, թե՛ երկրորդը։ Սա, ընդ որում, պաշտոնական առաջարկություն է»,- ասել է վարչապետը։
Նա ընդգծել է, որ եթե փակվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության էջը, ինչն անում է ՀՀ կառավարությունը, ի՞նչ իմաստ ունի հակամարտությամբ զբաղվող կառույցի գոյությունը։
«Բայց ԵԱՀԿ Մինսկի խումբն առնվազն դե ֆակտո ունի ավելի լայն համատեքստ, և մենք ուզում ենք համոզված լինել, որ Ադրբեջանը ՄԽ լուծարումը չի դիտարկում որպես Հայաստան-Ադրբեջան հակամարտությունն Ադրբեջանի տարածքում փակելուն և Հայաստանի ինքնիշխան տարածք տեղափոխելուն ուղղված քայլ»,- նշել է նա։
Մարտի 13-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունների գործընթացն արդեն ավարտված է։ Նրա խոսքով՝ հայկական կողմը հայտնել է, որ ընդունել է վերջին երկու կետերը, որոնք մինչ այժմ համաձայնեցված չէին։ Պաշտոնական Երևանը հաստատել էր նախագծի հաստատման ավարտը և հայտարարել, որ պատրաստ է Բաքվի հետ սկսել խորհրդակցություններ՝ համաձայնագրի ստորագրման ժամկետների և վայրի շուրջ։ Մարտի 14-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մանրամասներ էր ներկայացրել խաղաղության պայմանագրի դրույթների մասին։