Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը ապրիլի 12-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում երկկողմ հանդիպման ժամանակ վերահաստատել են երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն:
Ըստ հաղորդագրության՝ նրանք քննարկել են «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի տեքստի վերջնականացումից հետո կարգավորման գործընթացում ներկա իրավիճակը։
Մարտի 13-ին Բայրամովը հայտարարել էր, որ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունների գործընթացն արդեն ավարտված է։ Նրա խոսքով՝ հայկական կողմը հայտնել է, որ ընդունել է վերջին երկու կետերը, որոնք մինչ այժմ չհամաձայնեցված էին։ Պաշտոնական Երևանը հաստատել էր նախագծի հաստատման ավարտը և հայտարարել, որ պատրաստ է Բաքվի հետ սկսել խորհրդակցություններ համաձայնագրի ստորագրման ժամկետների և վայրի շուրջ։ Մարտի 14-ին Միրզոյանը մանրամասներ էր ներկայացրել խաղաղության պայմանագրի դրույթների մասին։