ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 36 անդամ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կոչ է անում ուժեղացնել ճնշումն Ադրբեջանի վրա՝ հայ ռազմագերիներին և պատանդներին ազատ արձակելու համար, հայտնել է Ամերիկայի Հայ դատի կոմիտեն (ANCA):
Երկկուսակցական նախաձեռնությունը գլխավորել են կոնգրեսականներ Դինա Թայթուսը և Քրիս Սմիթը։ Օրենսդիրները Վաշինգտոնին կոչ են անում «Գլոբալ Մագնիտսկու ակտի» համաձայն պատժամիջոցներ կիրառել մարդու իրավունքների կոպիտ խախտումների համար պատասխանատու Ադրբեջանի պաշտոնյաների նկատմամբ։ Խոսքը ռազմագերիների և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների անօրինական կալանքի, խոշտանգումների և ցուցադրական դատավարությունների մասին է։
Կոնգրեսականները շեշտել են, որ «մինչ օրս Ադրբեջանը շարունակում է անօրինական կերպով պահել առնվազն 23 հայ ռազմագերիների, որոնք գերեվարվել են Լեռնային Ղարաբաղի շրջափակման ընթացքում և դրանից հետո»։ Նրանք նաև մատնանշել են Ադրբեջանի անպատժելիության ավելի լայն տարածաշրջանային հետևանքները։
«Հայերի ցուցադրական դատավարությունները խաթարում են կայուն խաղաղության համար անհրաժեշտ վստահության ամրապնդման միջոցառումները: Քաղբանտարկյալների և ռազմագերիների ազատ արձակումը կարևոր քայլ է դեպի արդար և երկարատև կարգավորում»,- ասվում է Պետդեպին ուղղված նամակում:
Բաքվում, պաշտոնական տվյալներով, 23 հայ գերի կա։ 2024-ի դեկտեմբերին Բաքուն դատարան էր հանձնել Ադրբեջանում ապօրինի պահվող 15 անձանց, այդ թվում՝ Արցախի նախկին առաջնորդների քրեական գործը։ Նրանք մեղադրվում են 2548 դրվագով։ Հունվարի 17-ին Բաքվում սկսվել էին Արցախի առաջնորդների դատավարությունները:
Գործով անցնում են Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը և Բակո Սահակյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանը, Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Վասիլի Բեգլարյանը և Էրիկ Ղազարյանը: Վարդանյանի գործն առանձին է քննվում։ Նրան սպառնում է ցմահ ազատազրկում Բաքվի բանտում։
Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը մարտի 13-ին Armenia Today-ին հայտնել էր, որ 2023 թվականի սեպտեմբերից Հայաստանի իշխանությունները կտրուկ նվազեցրել են Բաքվում ապօրինաբար դատվող հայ գերիներին և Արցախի առաջնորդներին ազատ արձակելու ջանքերի մակարդակը։