Թուրքիայի՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը մեկնաբանել է հարցը, թե արդյոք Թուրքիան պահանջ ներկայացրե՞լ է Հայաստանի սահմանադրությունը փոփոխելու վերաբերյալ։
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես հայտարարություն է արել Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ։ Այս համատեքստում Հայաստանը կկատարի անհրաժեշտ փոփոխություններ իր Սահմանադրությունում»,- թուրք պաշտոնյայի խոսքերն են մեջբերում ադրբեջանական լրատվամիջոցները։
Նա նաև հայտնել է, որ Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում սպասվում է Թուրքիայի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպում։
Ավելի վաղ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերով Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը X-ում հայտնել էր, որ Քըլըչի հետ քննարկել է Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների կարգավորման հարցն Անթալիայում ապրիլի 11-13-ն ընթացող դիվանագիտական ֆորումի շրջանակներում:
Թուրքիա է ժամանել նաև Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, որտեղ նա երկկողմ հանդիպումներ է նախատեսել Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում:
Ապրիլի 3-ին ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտարարել էր, որ Սահմանադրության նոր տեքստը գաղտնի չի լինելու և ինչ-որ պահի հանրայնացվելու է։
Մարտի 13-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտի մասին, հայկական կողմի վերջին երկու կետերի վերաբերյալ Բաքվի առաջարկները ընդունելուց հետո։ Հայաստանի ԱԳՆ-ն հաստատել էր լուրը և հայտարարել, որ Երևանը պատրաստ է Բաքվի հետ քննարկել համաձայնագրի ստորագրման ժամկետները և վայրը։
Փաշինյանը մանրամասնել էր Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի երկու կետերի բովանդակությունը և հաստատել, որ հարցերը վերաբերում էին հայ-ադրբեջանական սահմանին երրորդ երկրների ներկայացուցիչների բացակայության դրույթին, ինչպես նաև միջազգային դատարաններում հայցերը հետ կանչելու խնդրին։ Մարտի 13-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Բաքվի վստահության մակարդակը Հայաստանի նկատմամբ «մոտ է զրոյին»։