Գյումրիի ավագանու ընտրություններում ամենաշատ ձայներ էր ստացել «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածու Սարիկ Մինասյանը, լրագրողներին ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ մեկնաբանելով մարտի 30-ի ՏԻՄ ընտրությունների արդյունքները։
Ավինյանը բնական է համարել այն, որ Մինասյանին չի հաջողվել 50+ քվե ստանալ։
«Շատ բնական է, որ խորհրդարանական երկրում մեկ ուժ միանձնյա 50 և ավելի քվե չի հավաքում։ Մենք ընտրել ենք պառլամենտարիզմի ճանապարհը և հետագա՝ մեր տասնամյակների ընտրությունների արդյունքները նմանատիպ են լինելու»,- ասել է նա։
Ավինյանը նշել է, որ 2018-ից նպատակ են դրել Հայաստանում ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ ձևավորել։
«Մենք չենք շեղվում այդ ճանապարհից՝ անկախ նրանից, թե որ ընտրությունում քանի ձայն ենք հավաքում։ Ընտրություններում պարտվելու դեպքեր ունեցել ենք, ինչը նորմալ պրակտիկա է»,- հավելել է քաղաքապետը։
Մարտի 30-ին Շիրակի մարզի Գյումրի քաղաքում և Արմավիրի մարզի Փարաքար համայնքում տեղի էին ունեցել ավագանու արտահերթ ընտրություններ։
ԿԸՀ տվյալներով՝ Գյումրիում ՔՊ-ն ստացել էր 17 188 քվե (14 մանդատ), Փարաքարում պարտվել էր՝ ստանալով 3669 քվե (7 մանդատ)։
Գյումրիի ընտրություններին մասնակցող «Իմ հզոր համայնք» կուսակցության և «Մայր Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները մարտի 31-ին հայտարարել էին իրենց ձայները Հայաստանի Կոմունիստական կուսակցության քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանին տալու որոշման մասին, ինչի արդյունքում իշխող ՔՊ-ն զրկվել էր առաջատարի դիրքերից, քանի որ 50 տոկոսից ավելի ձայներ չէր հավաքել։ Ընտրություններից 6 օր անց՝ ապրիլի 4-ին, իր ձայները Ղուկասյանին տալու մասին էր հայտարարել նաև «Մեր քաղաքը» դաշինքի թեկնածու Մարտուն Գրիգորյանը։