Այս պահին Սահմանադրության նախաբանի փոփոխության հարց չի քննարկվում, կառավարության նիստից հետո հայտարարել է Արդարադատության փոխնախարար Տիգրան Դադունցը։
«Քանի որ Սահմանադրությունը իրավա-քաղաքական փաստաթուղթ է, իրավական առումով էլ ՍԴ-ն գործող Սահմանադրության հարցով այս հարցին պատասխանել է»,- նշել է նա։
Ըստ նրա՝ դեռևս անցյալ տարի սահմանադրության հայեցակարգը պետք է պատրաստ լիներ, իսկ դրա հիման վրա մշակվեր Սահմանադրության տեքստը։ Այժմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ մինչև 2026 թվական Սահմանադրությունը պետք է պատրաստ լինի։
«Ինչո՞ւ է այդպես որոշվել, որովհետև մենք ունենք շատ սեղմ ժամկետ, մինչև 2026 թվականի հաջորդ ընտրությունները մենք ունենք հանձնարարական, որ պետք է Սահմանադրության նախագծի տեքստը պատրաստ լինի»,- հավելել է նա։
Դադունցը չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ փոփոխություններ են սպասվում Սահմանադրության տեքստում, քանի դեռ տեքստը պատրաստ չէ։
«Այս պահին ասել, թե ինչն է փոխվում, կդժվարանամ, որովհետև դեռ չունենք տեքստը։ Հիմա աշխատում ենք, դեռ պետք է խորհրդի հետ դա համաձայնեցնենք»,- հավելել է նա։
Ապրիլի 3-ին նախարար Սրբուհի Գալյանը հայտարարել էր, որ Սահմանադրության նոր տեքստը գաղտնի չի լինելու և ինչ-որ պահի հանրայնացվելու է։
Մարտի 13-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտի մասին, հայկական կողմի վերջին երկու կետերի վերաբերյալ Բաքվի առաջարկները ընդունելուց հետո։ Հայաստանի ԱԳՆ-ն հաստատել էր լուրը և հայտարարել, որ Երևանը պատրաստ է Բաքվի հետ քննարկել համաձայնագրի ստորագրման ժամկետները և վայրը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասնել էր Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի երկու կետերի բովանդակությունը և հաստատել, որ հարցերը վերաբերում էին հայ-ադրբեջանական սահմանին երրորդ երկրների ներկայացուցիչների բացակայության դրույթին, ինչպես նաև միջազգային դատարաններում հայցերը հետ կանչելու խնդրին։ Մարտի 13-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Բաքվի վստահության մակարդակը Հայաստանի նկատմամբ «մոտ է զրոյին»։