Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանի հետ բարեկամությունն «անիրատեսական» է անվանել։ Միևնույն ժամանակ նա հայտարարել է Երևանի հետ վստահություն կառուցելու պատրաստակամության մասին: Նման հայտարարություններով Ալիևը հանդես է եկել Բաքվում կայացած միջազգային համաժողովում։
«Մենք չենք պատկերացնում, թե Հայաստանի հետ ինչպես կարող ենք անմիջապես բարեկամ դառնալ, դա իրատեսական չէ, բայց սկսել փոքր քայլեր ձեռնարկել վստահության կառուցման ուղղությամբ, պատրաստ ենք»,- Ալիևի խոսքերը մեջբերում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Միևնույն ժամանակ Ալիևը վստահ է, որ պետք չէ ժամանակ կորցնել խաղաղության համաձայնագրի ստորագրման համար:
«Կարծում եմ՝ մենք չպետք է ժամանակ կորցնենք, որովհետև երբ խոսքը խաղաղության համաձայնագրի մասին է, գնդակը հայկական կողմում է»- ասել է նա։
Ադրբեջանի նախագահը հիշեցրել է, որ վերջերս նման մի քանի նախաձեռնություն Բաքվին առաջարկել են վրացի գործընկերները:
«Մենք դրական ենք պատասխանել, և սպասում ենք հայկական կողմի դիրքորոշմանը։ Եթե ամեն ինչ ստացվի, կարող են փոքր քայլեր սկսվել»,- նշել է Ադրբեջանի նախագահը՝ նման քայլերի օրինակ բերելով լրագրողների փոխայցելությունները, ինչպես նաև երկու երկրների համատեղ նստաշրջանները անդրսահմանային գետերի թեմայով։ Ալիևը նաև վաղաժամ է համարել խոսել Երևանի և Բաքվի միջև որևէ տնտեսական ինտեգրման մասին:
Մարտի 13-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտի մասին։ Հայաստանի ԱԳՆ-ն հաստատել էր լուրը և հայտարարել, որ Երևանը պատրաստ է Բաքվի հետ քննարկել համաձայնագրի ստորագրման ժամկետները և վայրը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասնել էր Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի երկու կետերի բովանդակությունը և հաստատել, որ հարցերը վերաբերում էին հայ-ադրբեջանական սահմանին երրորդ երկրների ներկայացուցիչների բացակայության դրույթին, ինչպես նաև միջազգային դատարաններում հայցերը հետ կանչելու խնդրին։
Մարտի 13-ին Ալիևը հայտարարել էր, որ Բաքվի վստահության մակարդակը Հայաստանի նկատմամբ «մոտ է զրոյին»։
Փաշինյանը մարտի 26-ին ասել էր, որ Հայաստանն «իրոք պատրաստ է» խաղաղության պայմանագիր կնքել Բաքվի հետ։ Վարչապետը նշել էր, որ նման հայտարարություն պետք է արվի նաև Ադրբեջանից։