2024 թվականի հունիսի 12-ին տեղի ունեցած ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ լրագրողներին իրենց հատկացված օթյակից բռնությամբ դուրս հանելու գործով 5 լրագրող ճանաչվել է տուժող, հայտնել է «Ժողովուրդ»-ը։
Թերթը նաև նշել է, որ ՀՀ քննչական կոմիտեում ՔՕ 237-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով նախաձեռնված վարույթի շրջանակում օրերս սկսել է հարցաքննել օթյակում գտնված լրագրողներին։
Փետրվարի 24-ին հարցաքննվել են «24 նյուզ»-ի լրագրող Հերմինե Միքայելյանը, «Ժողովուրդ» օրաթերթի խմբագիր Քնար Մանուկյանը, «5-րդ ալիք»-ի լրագրող Կարինե Մանգասարյանը, News.am-ի լրագրող Ռուզան Խաչատրյանը։
Լրագրողներին օթյակից հեռացնելու մասին հաղորդում ներկայացրել էր «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը՝ հրապարակելով «Պատգամավորները քաշքշում են միմյանց, ընդմիջման ժամանակ կրքերը չեն հանդարտվում» վերնագրով տեսանյութ, որտեղ երևում է, որ անհայտ անձը ստիպում է լրագրողներին դուրս գալ օթյակից, ինչով նա խոչընդոտում է լրագրողների մասնագիտական գործունեությունը:
Օրաթերթը նշել է, որ իրենց թղթակիցն այդ պահին եղել է օթյակում և արձանագրել, որ ՊՊԾ աշխատակիցներին այդ հրահանգը անձամբ տվել է ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը։
Հունիսի 12-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը քաղաքացիներին ԱԺ շենքի մոտ հրավիրել էր հավաքի՝ կառավարության և վարչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Ազգային ժողովում զուգահեռ տեղի էր ունենում ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը, որին մասնակցում էր Փաշինյանը։ Հավաքի ընթացքում իրավիճակը լարվել էր և ոստիկանների ու ցուցարարների միջև բախումներ էին սկսվել։ Ոստիկանությունը հատուկ միջոցներ էր կիրառել, ինչի հետևանքով կան վիրավորներ։ Քննչական կոմիտեն բախումների առթիվ քրեական վարույթ էր նախաձեռնել։