ՔՊ ղեկավար կազմում որոշել են Գյումրու քաղաքապետի թեկնածու, նախկին պաշտոնակատար Սարիկ Մինասյանին լուրջ պաշտոն տալ, գրել է «Հրապարակ» օրաթերթը։
Լրատվականի տեղեկությամբ՝ նրան կարող են նշանակել Շիրակի մարզպետի պաշտոնում։ Որոշումը, ըստ թերթի, պայմանավորված է նրանով, որ ՔՊ-ում կարծում են՝ Գյումրիում ստացած 36%-ը ոչ այնքան ՔՊ-ի, որքան Մինասյանի ձայներն են, և եթե ՔՊ հին կազմից որևէ մեկն առաջադրվեր, այդքան ձայն չէին ստանա։
«Սա արվում է նաև այն հույսով, որ առաջիկա համապետական ընտրություններին ընդառաջ այդ նշանակումը ՔՊ-ի օգտին աշխատի, և կարողանան ոչ միայն Գյումրիում, այլև Շիրակի մարզում ձայներ հավաքել»,- գրել է լրատվականը։
Ըստ օրաթերթի՝ չնայած Գյումրիում կրած պարտությանը, ՔՊ-ում արված վերլուծությունների արդյունքում եկել են եզրահանգման, որ վատ արդյունք չեն տվել, նախորդ ընտրությունների (2021 թվական) համեմատ 10 հազարով ավելի ձայն են հավաքել:
ԿԸՀ տվյալներով՝ մարտի 30-ին Գյումրում ՔՊ-ն ստացել էր 17 188 քվե (14 մանդատ), Փարաքարում պարտվել էր՝ ստանալով 3669 քվե (7 մանդատ)։
Գյումրիի ընտրություններին մասնակցող «Իմ հզոր համայնք» կուսակցության և «Մայր Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները մարտի 31-ին՝ ընտրություններից հետո, հայտարարել էին իրենց ձայները Հայաստանի Կոմունիստական կուսակցության քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանին տալու որոշման մասին, ինչի արդյունքում իշխող ՔՊ-ն կզրկվի առաջատարի դիրքերից, քանի որ 50 տոկոսից ավելի ձայներ չի հավաքել։ Ընտրություններից 6 օր անց՝ ապրիլի 4-ին, իր ձայները Ղուկասյանին տալու մասին էր հայտարարել նաև «Մեր քաղաքը» դաշինքի թեկնածու Մարտուն Գրիգորյանը։