Գյումրու և Փարաքարի ընտրությունների արդյունքներից «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում անակնկալի են եկել, քանի որ ակնկալում էին ունենալ 50+1 ձայներ, ինչը հնարավորություն կտար քաղաքապետ ընտրել, գրել է «Հրապարակ»-ը:
Ըստ թերթի՝ ՔՊ-ի համար ընտրությունների արդյունքներն անսպասելի էին, սակայն կուսակցության ղեկավարությունը հրահանգել է պարտությունը ներկայացնել իբրև ազատ-արդար ընտրությունների արդյունք, որ «նախկինների պես չեն կեղծել ընտրությունները»:
«Վերջին ամիսներին իշխանությունն այնքան էներգիա և ռեսուրս էր ծախսել Գյումրիում` հավաքագրել էին հանրապետության տարածքում բնակվող գյումրեցիներին, նրանց հարազատներին, շատերին այլ տեղերից բերել ընտրության։ Անգամ Ջավախքից 15-20 ավտոբուս մարդ էր բերվել՝ ընտրությանը մասնակցելու նպատակով»,- գրել է թերթը։
Լրատվականը ընտրությունների մասնակցությունը (111 271) կապել է իշխանության աննախադեպ ակտիվության հետ։
Գյումրիում 82 ընտրական տեղամասի արդյունքներով՝ ՔՊ-ն և ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյանը հավաքել են 17 183 ձայն։ Երկրորդ տեղում «Հայաստանի կոմունիստական կուսակցության» թեկնածու, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն է՝ 9727 ձայնով։ Երրորդ տեղում «Մեր քաղաքը» դաշինքն է և նրա թեկնածու Գրիգորյանը՝ 7380 ձայնով, չորրորդում՝ Ռուբեն Մխիթարյանն ու «Իմ հզոր համայնքը»՝ 3734 ձայնով։ Առաջատարների հնգյակը 2902 ձայնով եզրափակում է «Մայր Հայաստան» դաշինքը, որի ցուցակը գլխավորում է Կարեն Սիմոնյանը։
Փարաքարում ձայների հաշվարկի արդյունքներով՝ առաջատար են «Միասնություն» կուսակցությունների դաշինքը և նրա քաղաքապետի թեկնածու Վոլոդյա Գրիգորյանը՝ հավաքելով 6508 ձայն։ Երկրորդ տեղում ՔՊ թեկնածու Լյուդվիգ Գյուլնազարյանն է՝ 3669 ձայնով։ «Ազգային առաջընթաց» և «Կայունություն» կուսակցություններն ստացել են համապատասխանաբար 900 և 426 ձայն։