Գյումրիում «Մեր քաղաքը» դաշինքի կողմից քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը մարտի 30-ին տեղի ունեցած ավագանու արտահերթ ընտրություններից հետո առաջին անգամ հայտարարությամբ է հանդես եկել՝ միևնույն ժամանակ չհստակեցնելով, թե պատրա՞ստ է արդյոք իր դաշինքի ստացած ձայները տալ երկրորդ տեղն զբաղեցրած «Հայաստանի կոմունիստական կուսակցության» թեկնածու, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին։
«Վերահաստատում եմ ասածս՝ «Քաղաքացիական պայմանագիրը» Գյումրիում քաղաքապետ չի ունենալու՝ դա հաստատ է»,- գրել է Գրիգորյանը։
«Իմ հզոր համայնք» կուսակցության և «Մայր Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները մարտի 31-ին հայտարարել էին իրենց ձայները Ղուկասյանին տալու որոշման մասին, ինչի արդյունքում իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» կզրկվի առաջատարի դիրքերից։ Մարտի 30-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների տվյալներով՝ թեպետ Գյումրիում ՔՊ-ն առաջատար է, սակայն 50+ ձայներ չի հավաքել։
Գյումրիում 82 ընտրական տեղամասի արդյունքներով՝ ՔՊ-ն և ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյանը հավաքել են 17 183 ձայն։ Երկրորդ տեղում «Հայաստանի կոմունիստական կուսակցության» թեկնածու, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն է՝ 9727 ձայնով։ Երրորդ տեղում «Մեր քաղաքը» դաշինքն է և նրա թեկնածու Գրիգորյանը՝ 7380 ձայնով, չորրորդում՝ Ռուբեն Մխիթարյանն ու «Իմ հզոր համայնքը»՝ 3734 ձայնով։ Առաջատարների հնգյակը 2902 ձայնով եզրափակում է «Մայր Հայաստան» դաշինքը, որի ցուցակը գլխավորում է Կարեն Սիմոնյանը։
Փարաքարում ձայների հաշվարկի արդյունքներով՝ առաջատար են «Միասնություն» կուսակցությունների դաշինքը և նրա քաղաքապետի թեկնածու Վոլոդյա Գրիգորյանը՝ հավաքելով 6508 ձայն։ Երկրորդ տեղում ՔՊ թեկնածու Լյուդվիգ Գյուլնազարյանն է՝ 3669 ձայնով։ «Ազգային առաջընթաց» և «Կայունություն» կուսակցություններն ստացել են համապատասխանաբար 900 և 426 ձայն։