Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով՝ Գյումրիի ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը առաջատար է, սակայն Փարաքարի ավագանու ընտրություններում պարտվում է։
Գյումրիում 81 ընտրական տեղամասի արդյունքներով՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ը և նրա քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյանը հավաքել են 16 938 ձայն։ Երկրորդ տեղում «Հայաստանի կոմունիստական կուսակցության» թեկնածու, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն է՝ 9537 ձայնով։
Երրորդ տեղում «Մեր քաղաքը» դաշինքն է և նրա թեկնածու Մարտուն Գրիգորյանը՝ 7296 ձայնով, չորրորդում՝ Ռուբեն Մխիթարյանն ու «Իմ հզոր համայնքը»՝ 3659 ձայնով։ Առաջատարների հնգյակը 2844 ձայնով եզրափակում է «Մայր Հայաստան» դաշինքը, որի ցուցակը գլխավորում է Կարեն Սիմոնյանը։
Փարաքարում ձայների հաշվարկի արդյունքներով՝ առաջատար են «Միասնություն» կուսակցությունների դաշինքը և նրա քաղաքապետի թեկնածու Վոլոդյա Գրիգորյանը՝ հավաքելով 6508 ձայն։ Երկրորդ տեղում «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածու Լյուդվիգ Գյուլնազարյանն է՝ 3669 ձայնով։ «Ազգային առաջընթաց» և «Կայունություն» կուսակցություններն ստացել են համապատասխանաբար 900 և 426 ձայն։
Գյումրիում և Փարաքար համայնքում մարտի 30-ին ավագանու արտահերթ ընտրություններ էին։ Ավելի վաղ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր ավագանու թեկնածուի և այլ անձանց ձերբակալության մասին։ Փաստաբան Արսեն Բաբայանը գրել էր, որ ձերբակալվածների թվում է «Մեր քաղաքը» դաշինքի ավագանու անդամության թեկնածու Անահիտ Խալաթյանը։
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցում է 9 քաղաքական ուժ, կա քաղաքապետի 9 թեկնածու։ Նրանք են՝ ռեժիսոր և պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը, «Պատիվ ունեմ» խմբակցության անկուսակցական պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, «Մայր Հայաստան» դաշինքի թեկնածու Կարեն Սիմոնյանը, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, «Եվրադաշինք» կուսակցությունների դաշինքից Լևոն Բարսեղյանը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից՝ Սարիկ Մինասյանը, «Դեմոկարտական այլընտրանք» կուսակցությունից՝ Արտյոմ Ղարաղազարյանը, «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական» կուսակցությունից՝ Արտյոմ Թումանյանը և «Ապրելու երկիր» կուսակցությունից՝ Կարեն Մալխասյանը։ Փարաքար համայնքի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը գլխավորում է Լյուդվիգ Գյուլնազարյանը, «Միասնություն» կուսակցությունների դաշինքի ցուցակը՝ Վոլոդյա Գրիգորյանը, «Ազգային առաջընթաց» կուսակցության թեկնածուն Դավիթ Մինասյանն է, իսկ «Կայունություն» կուսակցության թեկնածուն՝ Գոռ Սարիբեկյանը:
Փարաքարի ընտրություններում ՔՊ-ի ցուցակը գլխավորում է Լյուդվիգ Գյուլնազարյանը, «Միասնություն» կուսակցությունների դաշինքի ցուցակը՝ Վոլոդյա Գրիգորյանը, «Ազգային առաջընթաց» կուսակցության թեկնածուն Դավիթ Մինասյանն է, իսկ «Կայունություն» կուսակցության թեկնածուն՝ Գոռ Սարիբեկյանը: