Ավելի քան 5 ժամ պահելուց հետո Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին թույլատրել են մուտք գործել Հայաստան, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը:
«Զվարթնոց» օդանավակայանում Աբրահամյանին չեն հայտնել, թե որն է երկիր մուտքի խոչընդոտման պատճառը, սակայն նա պնդում է, որ անձնակազմն սպասել է իշխանությունների հրահանգին։
«Աշխատակիցներին կարգադրություն էր տրված ինձ չթողնել՝ չէին թողնում։ Իրենք սպասում էին, որ վերևից ասեին՝ թույլ տալ, թե ոչ։ Աշխատակիցների հետ նստած սպասում էինք, որ որևիցե բան կասեն։ Ես պատճառը գիտեմ, ձեզ վաղը չէ մյուս օրը կասեմ։ Շատ հետաքրքիր պատճառ է, սյուրպրիզ է»,- օդանավակայանից դուրս գալուց հետո լրագրողներին ասել է Աբրահամյանը:
Ավելի վաղ Armenia Today-ին իրազեկ աղբյուրները հայտնել էին, որ Արա Աբրահամյանին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում արգելել են մուտք գործել Հայաստան։
«Առանց որևէ պատճառ բացատրելու [մուտքն արգելված է]։ Արա Արշավիրի Աբրահամյանն այս պահին «Զվարթնոց» օդանավակայանում է»,- Armenia Today-ին մեկնաբանել էր ՌՀՄ փոխնախագահ Լուսիկ Ղուկասյանը։
Ավելի վաղ Աբրահամյանը քննադատել էր Հայաստանի ղեկավարությանը Բաքվից հայ գերիներին ազատ արձակելու հարցում անգործության համար: Աբրահամյանը հայտարարել էր, որ «իսկական ղեկավարը չի լռում, որ չվնասի, այլ խոսում ու գործում է այնպես, որ օգնի յուրայիններին»։
Հայաստան մուտքի արգելք էր սահմանվել ՌԴ պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի, Россия сегодня միջազգային լրատվական գործակալության և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի, մեդիամենեջեր Արամ Գաբրելյանովի և Հայաստանի հետ բարեկամության և համագործակցության ռուսական ընկերության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովի նկատմամբ: