«Հրապարակ» օրաթերթը պարզել է, թե ինչու են մարտի 27-ին խուզարկել Վարդենիսի համայնքապետ Ահարոն Խաչատրյանի, փոխքաղաքապետ Կարեն Խաչատրյանի և համայնքապետարանի մի քանի աշխատակիցների տները։
Հղում անելով Հակակոռուպցիոն կոմիտեին՝ թերթը գրել է, որ քննվող կաշառք տալու և ստանալու գործով մարտի 27-ի քննչական գործողություններ են իրականացվել, ինչի արդյունքում համայնքապետարանի աշխատակիցներ են կալանավորվել։
Թերթի տեղեկություններով՝ թեև խուզարկության պատճառը, ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի, կապված է կաշառքի հետ, սակայն թերթը լուրեր ունի, որ Խաչատրյանի հետ առնչություն ունեցողները կապ ունեն մարտի 22-ին Էջմիածնում տեղի ունեցած սպանության հետ։
«Խաչատրյանի փեսան՝ դստեր ամուսինը, քրեական հեղինակություններ Բանդուրյան եղբայրների տղաներից է՝ Ռոմիկ Մինասյանը։ Լուրեր կան, որ այս շղթան կապ ունի Էջմիածնում տեղի ունեցած սպանության հետ։ Մեզ ասացին, որ այդ մասին նաև իշխանությունն է տեղյակ, ուղղակի Բանդուրյաններն ընդդիմություն չեն, որ հեշտ ու հանգիստ բանտ տանեն»,- գրել է թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Մարտի 22-ին Էջմիածնում՝ քաղաքապետ Դիանա Գասպարյանի ամուսնուն պատկանող գազալցակայանում կրակոց էր հնչել, ինչի հետևանքով հրազենային վնասվածք ստացած տղամարդը հիվանդանոցում մահացել էր։