Լրագրողական մի շարք կազմակերպություններ ՊՊԾ-ից պահանջել են ծառայողական քննություն անցկացնել՝ Ազգային ժողովում մարտի 20-ին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի կողմից լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի նկատմամբ վերաբերմունքը դատապարտող ակցիա իրականացնող լրագրողների հետ կապված միջադեպի վերաբերյալ։
Նրանք կոչ են արել պատասխանատվության ենթարկել իրենց լիազորությունները չարաշահած ծառայողներին և վերանայել նրանց գործելակերպը ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հարաբերվելիս։
Հայտարարությունն ստորագրել են Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, Երևանի մամուլի ակումբը, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ-Հայաստանը, Հանրային լրագրության ակումբը, «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ն, «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ն և Գորիսի մամուլի ակումբը։
Նրանք շեշտել են, որ խորհրդարանում անվտանգության ծառայության աշխատակիցները, չարաշահելով իրենց լիազորությունները, խոչընդոտում են լրագրողների գործունեությանը՝ որոշ դեպքերում նաև անհամաչափ ուժ կիրառելով նրանց նկատմամբ։
«Ինչ վերաբերում է վերջին միջադեպին, ապա դա լրագրողների արտահայտման ազատության կոպտագույն խախտում է՝ վերջիններիս սեփական իրավունքները պաշտպանելու ոչ իրավաչափ և բիրտ արգելք։ Այս ամենը վկայում է, որ Ազգային ժողովում վաղուց առկա է ԶԼՄ-ների գործունեության և անվտանգության ծառայության լիազորությունների բախում։ Պետական օբյեկտների պահպանության քողի ներքո անթույլատրելի են լրագրողական օրինական գործունեության խոչընդոտումները, ուժի անհիմն կիրառումը և խոսքի ազատության սահմանափակումը»,- ասվում է հայտարարության մեջ։
Հայտարարությունն ստորագրած կազմակերպություններն Ազգային ժողովի ղեկավարությունից պահանջել են քննարկել և բացահայտել, թե ինչպե՞ս են հնարավոր դարձել այս և անցյալում անվտանգության ծառայողների մասնակցությամբ նմանատիպ միջադեպերը, քայլեր ձեռնարկել դրանք ապագայում բացառելու ուղղությամբ։
Կազմակերպություններն ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից պահանջել են քաղաքական կամք ցուցաբերել և հրապարակավ գնահատական տալ լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի հանդեպ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքագծին։
Մարտի 20-ի ճեպազրույցի ժամանակ Քոչարյանը Ջեբեջյանից պահանջել էր հեռու կանգնել և «մաքրել շուրթերը»։ Մարտի 26-ին լրագրողները վարչապետ Նիկոլ Փաշինյանին պատգամավորական էթիկայի հանձնաժողով ձևավորելու պահանջով նամակ էին փոխանցել, որն ստորագրել էր 161 լրագրող։ Լրագրողների ակցիայի ժամանակ ՊՊԾ աշխատակիցների գործողությունները դատապարտել էր Հայաստանի ժուռնալիստների միությունը՝ Գլխավոր դատախազությանը հորդորելով հայտարարությունն ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ներողություն էր խնդրել լրագրողներից։