Գործնական աշխատանքն է կարևոր, ոչ թե զգացմունքներն ու թրթիռները, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը, ըստ որի Հայաստանը չի կարող անընդհատ լարվածության մասին խոսել և լարվածություն պահել Ռուսաստանի հետ հարաբերություններում։ Զախարովայի ճեպազրույցը հեռարձակել է Armenia Today-ը։
«Կարծում եմ՝ մենք պետք է խոսենք կոնկրետ քայլերի մասին [հարաբերությունները բարելավելու համար], որպեսզի խոսակցությունը լինի առարկայական, այլ ոչ թե նրբերանգների կամ ինչ-որ զգացողությունների մասին»,- ասել է Զախարովան։
Մոսկվան Երևանից պաշտոնապես տեղեկություններ չի ստացել հաղորդակցությունների ապաշրջափակման հարցով Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան եռակողմ աշխատանքային խմբին հայկական կողմի մասնակցության դադարեցման մասին, հայտարարել Է Զախարովան՝ մեկնաբանելով Սիմոնյանի հայտարարությունն այն մասին, որ Երևանն այլևս մտադիր չէ մասնակցել փոխվարչապետերի մակարդակով գործող հաղորդակցությունների ապաշրջափակման աշխատանքային խմբին:
Զախարովան նշել է, որ Սիմոնյանն իրավասու չէ նման հայտարարություններ անել, քանի որ այդ խմբի աշխատանքն իր իրավասության տակ չէ:
Ալեն Սիմոնյանը մարտի 25-ին հայտարարել էր, որ «անհնար է անընդհատ խոսել լարվածության մասին և պահպանել լարվածությունը»՝ մեկնաբանելով Ռուսաստանի հետ ավելի բարեկամական հարաբերությունների հնարավոր վերականգնումը: