Այո՛, ես ենթարկվում եմ լուրջ ճնշումների, ԱԺ-ում հայտարարել է անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իր հեռախոսն առգրավելուն և հետագա գործողություններին։
Աղազարյանի խոսքով՝ ինքը խնդիր չունի, որ պետական անվտանգությանն առնչվող որևէ բան հայտնաբերեն իր գրպանից, անկողնուց և այլն։
«Բայց եթե իմ հեռախոսը վերցնում են ու կարդում են իմ և որևէ մեկի՝ տղամարդ, թե կին, անձնական նամակագրությունը և սպառնում, որ կտան կնոջս, տղաներիս, կհրապարակեն, ե՞ս եմ ավելի անբարոյական, թե՞ այդ ամենն անողները»,- ասել է նա։
Աղազարյանը շնորհակալություն է հայտնել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության այն ներկայացուցիչներին, որոնք չեն առնչվել այդ ամենի հետ։
«Բայց եթե իմանայի, որ իմ նախկին գործընկերներին այնպիսի վիճակի մեջ կդնեմ, որ իրենք այդքան կիջնեն, կկարդան իմ նամակագրությունն ու ինձ անբարոյական կասեն, ես առանց վարչապետ Նիկոլ Փաշինյանի խնդրանքի՝ կհրաժարվեի մանդատից»,- ասել է նա։
Փաշինյանն Աղազարյանին խնդրել էր մանդատը վայր դնել 2024 թվականի հոկտեմբերի 15-ին՝ Քննչական կոմիտեի նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանի հետ ունեցած վիճաբանությունից հետո: Դեկտեմբերի 2-ին Աղազարյանը հայտարարել էր մանդատը վայր դնելու վարչապետի խնդրանքը մերժելու մասին։ Դեկտեմբերի 3-ին ՔՊ վարչության նիստում որոշում էր կայացվել Աղազարյանին հեռացնել կուսակցությունից, իսկ դեկտեմբերի 4-ին նա հայտարարել էր ՔՊ խմբակցությունից դուրս գալու մասին։
Հակակոռուպցիոն կոմիտեն առգրավել էր պատգամավորի հեռախոսը քրեական վարույթի շրջանակներում, որով անցնում էր որպես վկա։ Փաշինյանը հայտարարել էր, որ «Աղազարյանի հեռախոսը վերցնելուց հետո բացահայտել են պետական անվտանգության սպառնալիքներ պարունակող տեղեկություններ, այդ թվում՝ հակահետախուզական սպառնալիքներ»։
Դեկտեմբերի 9-ին դատախազությունն Աղազարյանի կողմից արտահոսքեր կազմակերպելու հրապարակումն ուղարկել էր Հակակոռուպցիոն կոմիտե։ Դեկտեմբերի 10-ին Աղազարյանը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազություն՝ պահանջելով պարզաբանել, թե ինչպե՞ս են իր անձնական տվյալները հայտնվել երրորդ անձանց մոտ։
Փետրվարի 8-ին «Միացյալ ազգային սահմանադրական կուսակցության» հիմնադիր համագումարում Աղազարյանը հայտարարել էր, որ մտադիր է պայքարել կուսակցության հետ՝ 2026 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրություններում վարչապետի չվերընտրվելու համար։ Նա չէր բացառել, որ պայքարը կշարունակվի ոչ միայն մինչև 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները, այլև հնարավոր արտահերթ ընտրությունների դեպքում։