Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում անդրադարձել են Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցմանը, հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։
«Նշվել է Մոսկվայի կողմից բարձր գնահատականի արժանացած առաջընթացը՝ Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման հարցում»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։
Նախարարները քննարկել են երկկողմ, տարածաշրջանային և գլոբալ օրակարգի հրատապ հարցեր, հավելել են ՌԴ ԱԳՆ-ից։
Մարտի 13-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտի մասին՝ հայկական կողմի վերջին երկու կետերի վերաբերյալ Բաքվի առաջարկներն ընդունելուց հետո։ Հայաստանի ԱԳՆ-ն հաստատել էր լուրը և հայտարարել, որ Երևանը պատրաստ է Բաքվի հետ քննարկել համաձայնագրի ստորագրման ժամկետները և վայրը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասնել էր Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի երկու կետերի բովանդակությունը և հաստատել, որ հարցերը վերաբերում էին հայ-ադրբեջանական սահմանին երրորդ երկրների ներկայացուցիչների բացակայության դրույթին, ինչպես նաև միջազգային դատարաններում հայցերը հետ կանչելուն։
Մարտի 13-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Բաքվի վստահության մակարդակը Հայաստանի նկատմամբ «մոտ է զրոյին»։ Նա նաև կրկնել էր Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման վերաբերյալ Ադրբեջանի պահանջները։
Մարտի 16-ից Ադրբեջանն սկսել էր պարբերաբար հաղորդել հայկական կողմից իբր արձակված կրակոցների մասին։ ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել էր այս բոլոր լուրերը։