Մենք պատրաստ ենք պայմանագրի անհապաղ ստորագրմանը, սակայն այն, ինչ լսում ենք Ադրբեջանից, տպավորություն չի ստեղծում, որ նրանք պատրաստ են, բրազիլական Folha-ին հայտնել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Մենք պատրաստ ենք անմիջապես սկսել խորհրդակցություններ ստորագրման վայրի և ամսաթվի վերաբերյալ։ Սակայն, ցավոք, տեսնում ենք, որ Ադրբեջանը խաղաղության օրակարգ է բերում տարբեր նոր, ես կասեի արհեստական, նախապայմաններ, ինչը բարդացնում է պայմանագրի ստորագրումը և, այսպես ասած, ինստիտուցիոնալացված խաղաղության հաստատումը»,- ասել է Միրզոյանը։
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է ուժեղ քաղաքական կամք՝ հանդիպելու և ստորագրելու պայմանագիրը։
«Հայաստանում մենք տեսնում ենք այս հնարավորությունը և լիովին հավատարիմ ենք խաղաղության այս օրակարգին։ Այս խաղաղության պայմանագիրը սահմանում է մի շարք կարևոր դրույթներ, որոնք, եթե ստորագրվեն, վավերացվեն և կյանքի կոչվեն, կարող են դառնալ ամուր հիմք հետագա քայլերի համար»,- նշել է Միրզոյանը։
Նա հիշեցրել է, որ հայկական կողմն առաջարկել է ապաշրջափակել տրանսպորտային ուղիները՝ սկսելով այն երկաթուղուց, որը գործում էր խորհրդային տարիներին, և հանդես է եկել զենքի երկկողմ վերահսկման և վերիֆիկացման մեխանիզմի ստեղծման առաջարկով, »քանի որ Ադրբեջանը ևս մտահոգություններ է հայտնել այս հարցի վերաբերյալ»։
Մարտի 13-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտի մասին՝ հայկական կողմի վերջին երկու կետերի վերաբերյալ Բաքվի առաջարկներն ընդունելուց հետո։ Հայաստանի ԱԳՆ-ն հաստատել էր լուրը և հայտարարել, որ Երևանը պատրաստ է Բաքվի հետ քննարկել համաձայնագրի ստորագրման ժամկետները և վայրը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասնել էր Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի երկու կետերի բովանդակությունը և հաստատել, որ հարցերը վերաբերում էին հայ-ադրբեջանական սահմանին երրորդ երկրների ներկայացուցիչների բացակայության դրույթին, ինչպես նաև միջազգային դատարաններում հայցերը հետ կանչելու խնդրին։
Մարտի 13-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Բաքվի վստահության մակարդակը Հայաստանի նկատմամբ «մոտ է զրոյին»։ Նա նաև կրկնել էր Ադրբեջանի պահանջները Հայաստանի սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման վերաբերյալ։
Միաժամանակ, մարտի 16-ից Ադրբեջանը սկսել էր պարբերաբար հաղորդել հայկական կողմից իբր արձակված կրակոցների մասին։ ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել էր այս բոլոր լուրերը։