Հայաստանը ԵՄ-ին խնդրել է իրեն հանել ավիացիոն «սև ցուցակից», Ազգային ժողովի հանձնաժողովային նիստում հայտնել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Քրիստինե Ղալեչյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանը վերացրել է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) կողմից իրականացված աուդիտի արդյունքում հայտնաբերված 41 թերություն։
«Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության կողմից իրականացվել է Հայաստանում ավիացիոն ոլորտի միջազգային ստանդարտների և պահանջների համապատասխանության աուդիտ, որի շրջանակում ավիացիոն պատահարների քննության ոլորտում արձանագրված մի շարք թերությունների վերացման ուղղությամբ մշակվել էր գործողությունների, միջոցառումների մի մեծ պլան։ Այս պահի դրությամբ՝ 41 թերություն, արձանագրված խնդիրներ, որոնք իրականացվել են, կարելի է ասել, ավարտվել են։ Կատարված աշխատանքների մասին տեղեկատվությունն ուղարկվել է ԵՄ։ Սպասում ենք գործընկերների արձագանքին»,- նշել է Ղալեչյանը։
Հայկական ավիացիան Եվրամիության «սև ցուցակում» էր հայտնվել 2020 թվականի հունիսից: Արգելվել էր բոլոր հայկական ավիափոխադրողների մուտքը ԵՄ օդային տարածք: 2024 թվականի սեպտեմբերին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարար Գնել Սանոսյանը հայտարարել էր, որ Հայաստանը վերացրել է Եվրամիության ավիացիոն անվտանգության գործակալության հայտնաբերած 41 թերությունից 40-ը և կարող է դուրս գալ ԵՄ «ավիափոխադրողների սև ցուցակից»։ Ըստ նրա՝ վերջին թերությունը շտկման փուլում է, որից հետո հերթական աուդիտի նպատակով կհրավիրի եվրոպացի գործընկերներին: