Այսօրվանից Հայաստան-Թուրքիա պետական սահմանի «Մարգարա» անցման կետում սահմանային ծառայությունն իրականացվում է բացառապես ՀՀ Սահմանապահ զորքերի ուժերով, հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա հիշեցրել է, որ անցակետը չի գործում Հայաստանի և Թուրքիայի միջև պետական սահմանի փակ լինելու պատճառով։ Փաշինյանը գրել է, որ 2022 թվականի ամռանն անցակետը ՀՀ կառավարության որոշմամբ հիմնանորոգվել է և այնտեղ իրականացվել է մշտական ծառայություն՝ ՌԴ Սահմանապահ զորքերի ուժերով։ Վարչապետը երախտագիտություն է հայտնել ՌԴ ԱԴԾ Սահմանապահ զորքերին՝ սահմանի այդ հատվածում իրականացրած ծառայության համար։
Նա նաև հավելել է, որ «Մարգարա»-ի անցումը ՀՀ Սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո նշանակում է, որ 2025 թվականի մարտի 1-ից ՀՀ-ից ելք և մուտք գործող բոլոր մարդկանց սահմանային հսկողությունը կիրականացվի բացառապես ՀՀ Սահմանապահ զորքերի ուժերով։
Հայաստանն ու Թուրքիան 2022 թվականի հուլիսի 1-ին Վիեննայում պայմանավորվել էին հնարավոր ամենասեղմ ժամկետներում սահմանը հատելու հնավորություն ապահովել երրորդ երկրների քաղաքացիների համար: 2023 թվականի մարտի 24-ին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Երևանը և Անկարան հաստատել են իրենց պատրաստակամությունը՝ մինչ զբոսաշրջային սեզոնը բացել հայ-թուրքական սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրող անձանց համար։
ԱԺ փոխխոսնակ, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Հայաստանի հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը 2024 թվականի հունիսի 11-ին հայտնել էր, որ երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար հայ-թուրքական ցամաքային սահմանը բացելու պայմանավորվածության ուղղությամբ հայկական կողմը «Թուրքիայից քայլեր չի տեսնում»։
2024 թվականի դեկտեմբերի 30-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստան-Իրան սահմանի Ագարակի անցակետում սահմանային հսկողությունն իրականացնում են միայն հայ սահմանապահները։ Հուլիսի 31-ին ռուս սահմանապահներն ավարտել էին իրենց ծառայությունը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում։