Հայաստանը ձեռնպահ է քվեարկել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Կիևի և եվրոպական երկրների կողմից պատրաստված ուկրաինական հակամարտության վերաբերյալ բանաձևին, տեղեկանում ենք ՄԱԿ-ի կայքում տեղադրված հեռարձակումից։
Նախագիծն ընդունվել է 93 կողմ, 18 դեմ, 65 ձեռնպահ ձայներով։ Ինչպես հայտնում է ՄԱԿ-ի մամուլի ծառայությունը, բանաձևը պարունակում է «Ուկրաինայի տարածքից ռուսական զորքերի անհապաղ դուրսբերման» պահանջ, ինչպես նաև ընդգծում է «երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգման անհրաժեշտությունը»։
Միևնույն ժամանակ, Հայաստանը կողմ է քվեարկել ԱՄՆ-ի պատրաստած բանաձևին՝ ԵՄ երկրների առաջարկած փոփոխություններով։ Նախագիծն ընդունվել է 93 կողմ, 8 դեմ, 73 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։
ԱՄՆ-ն փոփոխություններն ընդունելուց հետո ձեռնպահ է մնացել քվեարկությունից։ Բանաձևի սկզբնական տարբերակում կոչ էր արվում «արագ դադարեցնել հակամարտությունը և կայուն խաղաղություն հաստատել Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության միջև»:
ԵՄ-ի կողմից առաջարկված և ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված ուղղումները վերահաստատում են «հավատարմությունն Ուկրաինայի ինքնիշխանությանը, անկախությանը, միասնությանը և տարածքային ամբողջականությանը նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում, ներառյալ՝ նրա տարածքային ջրերը»:
Բացի այդ, «Ուկրաինայի և Ռուսաստանի միջև կայուն խաղաղություն» ձևակերպումը փոխարինվել է «Ուկրաինայի և Ռուսաստանի միջև արդար, կայուն և համապարփակ խաղաղության հաստատման կոչով՝ ՄԱԿ-ի կանոնադրությանը և պետությունների ինքնիշխան իրավահավասարության և տարածքային ամբողջականության սկզբունքներին համապատասխան»։