Ո՛չ Բաքուն, ո՛չ Երևանը չեն բարձրացնում բանակցությունների եռակողմ ձևաչափին վերադառնալու հարցը, ասել է քաղաքագետ և Ռազմավարական մշակույթի հիմնադրամի փորձագետ Անդրեյ Արեշևը՝ մեկնաբանելով 2020 թվականի նոյեմբերի պայմանավորվածություններին հնարավոր վերադարձը։ Նրա խոսքով՝ եռակողմ ձևաչափին վերադարձն այժմ քիչ հավանական է։
«Տարբեր հանգամանքների բերումով՝ Բաքուն և Երևանն ընտրել են երկկողմ ձևաչափ և միջկառավարական հանձնաժողով, որն այժմ պարբերաբար հանդիպում է Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ»,- նշել է Արեշևը։
Նա կասկած է հայտնել, որ Մոսկվան կպնդի վերջնագրի ձևով վերադարձը։
«Դա այնքան էլ տրամաբանական չէր լինի և չէր ընդունվի։ Դժվար է ասել, թե արդյոք դա հնարավոր կլինի՞ անել ապագայում, ինչ-որ պահի։ Իրավիճակը բավականին դինամիկ է փոխվում»,- պարզաբանել է Արեշևը։
Փորձագետը մեկնաբանել է նաև ռուս-ադրբեջանական հարաբերություններում առաջացած խնդիրները։
«Դրանք թարմացվել են 2024 թվականի դեկտեմբերի 25-ի ողբերգական դեպքից հետո («Ադրբեջանական ավիաուղիների» Բաքու-Գրոզնի չվերթի վթարը- խմբ․), բայց հիմա ինձ թվում է, որ այստեղ հակադիր միտումներ կան։ Մի կողմից շահագրգիռ ուժերը և՛ Բաքվում, և՛ Մոսկվայում փորձում են լռեցնել տարաձայնությունների այս թեման՝ հաշվի առնելով ռուս-ադրբեջանական առևտրատնտեսական և էներգետիկ կապերի կարևորությունն ու բնույթը, մյուս կողմից՝ ադրբեջանական լրատվամիջոցների մի շարք հրապարակումներում իրավիճակը սրելուն ուղղված նոր պատմություններ ենք տեսնում»,- ընդգծել է Արեշևը։
Արտաքին ուժերը, նրա կարծիքով, կարող են ազդեցություն ունենալ այս հարցում, քանի որ ռուս-ադրբեջանական հարաբերություններում հետագա տարաձայնությունների կողմնակիցներն ավելի քան բավարար են։
«Այստեղ կլինի նման իրավիճակ, և մենք կարող ենք միայն տակտիկապես դիտարկել, թե ինչպես կփոխվի, և միտումներից ո՞րն է առավելություն ձեռք բերելու»,- եզրափակել է փորձագետը։
2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվել էին եռակողմ համաձայնագրեր՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու համար։ Համաձայնագիրը նախատեսում էր ռուս խաղաղապահների տեղակայումը ԼՂ-ում՝ իրավիճակը վերահսկելու համար։ Այն նաև ներառում էր կետ կողմերի միջև տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու մասին: Սակայն Ադրբեջանի նոր ագրեսիվ գործողությունների պատճառով այս համաձայնագրի իրականացումն է՛լ ավելի է բարդացել։
Մանրամասները՝ տեսանյութում։