Թուրքիայի և Հայաստանի ներկայացուցիչները Վիեննայում քննարկել են հարաբերությունների կարգավորման հարցը, Facebook-ի իր էջում հայտնել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար, ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Արթուր Հովհաննիսյանը։
Հանդիպումը կայացել է ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանի շրջանակներում։
«Փետրվարի 20-ին Վիեննայում անցկացվող ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի պատվիրակությունների հանդիպումը»,- գրել է Հովհաննիսյանը:
2024 թվականի հոկտեմբերի 24-ին Երևան-Անկարա կարգավորման հարցով Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտնել էր, որ Հայաստանի և Թուրքիայի համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչները շուտով կհանդիպեն՝ Գյումրի-Կարս երկաթգծի վերագործարկման համար անհրաժեշտ պայմանները գնահատելու համար։
Ռուբինյանն ու Հայաստան-Թուրքիա կարգավորման հարցով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի 5-րդ հանդիպումը տեղի էր ունեցել հուլիսի 30-ին՝ երկու երկրների սահմանի Մարգարա-Ալիջան անցման կետում։ Չորրորդ հանդիպմանը, որը տեղի էր ունեցել 2022 թվականի հուլիսի 1-ին, պայմանավորվել էին հնարավոր ամենասեղմ ժամկետներում Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն ապահովել երրորդ երկրների քաղաքացիների համար։ Քըլըչը, սակայն, 2023-ի մարտի 2-ին հայտարարել էր, որ երրորդ երկրների քաղաքացիների համար հայ-թուրքական սահմանի բացման հարցում առաջընթաց չկա։ Ռուբինյանը հունիսի 11-ին հայտնել էր, որ նշված պայմանավորվածության ուղղությամբ հայկական կողմը «Թուրքիայից քայլեր չի տեսնում»։
2024-ի օգոստոսի 1-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտնել էր, որ հայ-թուրքական սահմանի բացելու նախապայմանը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումն է։