Արդարադատության նախարարությունն իր առջև խնդիր է դրել մշակել ոչ թե հայեցակարգ, այլ Սահմանադրության տեքստը, կառավարությունում կայացած ճեպազրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
«Պետք է ամեն ինչ անենք, որ Սահմանադրության նախագծի տեքստը պատրաստ լինի մինչև նոր ընտրությունները, այսինքն՝ ժամկետը մինչև նոր ընտրություններ են»,- ասաց նախարարը։
Նա չբացառեց, որ 2026 թվականին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո Սահմանադրության հանրաքվե տեղի կունենա։
«Ամենայն հավանականությամբ՝ այո՛, այդպես էլ կլինի»,- պարզաբանեց նա։
Նախարարը չմեկնաբանեց Սահմանադրությունում Արցախի վերաբերյալ հղում լինելու հարցը՝ նշելով, որ տեքստի բովանդակության մասին վաղ է խոսել։
«Ոչինչ չեմ բացառում, այդ հարցի շուրջ դեռևս վերջնական որոշում չունենք, բայց կլինի, թե չի լինի այն արտահայտությունը, որ այսօր կա տեքստում, մեր իրական կյանքում որևէ բան չի փոխելու։ Այս պահին տեքստի մասով թույլ տվեք մեկնաբանություններ չտալ, որովհետև այդ իրավունքը, կարծում եմ, կվերապահենք համապատասխան հանձնաժողովին»,- շեշտեց նախարարը։
2024 թվականի սեպտեմբերի 27-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր ՀՀ սահմանադրությունը փոխելու հնարավորության մասին՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու համար։ Բաքուն նախկինում մի քանի անգամ հայտարարել էր, որ Հայաստանը պետք է փոխի իր Սահմանադրությունը։
Գալյանը հունվարի 25-ին հայտարարել էր, որ իշխանությունները մտադիր են մինչև 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները նոր Սահմանադրության տեքստ ունենալ։ Փաշինյանը ժողովրդին ուղղված ուղերձում փետրվարի 19-ին հայտարարել էր Հայաստանի նոր Սահմանադրության ընդունման համար համապետական հանրաքվե անցկացնելու անհրաժեշտության մասին։