Առաջիկայում բուհերի ուսման վարձավճարները կբարձրանան, հայտնել է «Հրապարակ» թերթը՝ հղում անելով համալսարանում իր աղբյուրներին։
Ըստ լրատվականի՝ տարիներ առաջ կառավարության որոշում է ընդունվել, բուհական կրթության տարեկան վարձավճարի վերին սահման է ֆիքսվել, որպեսզի բուհերը կամայականություն չդրսևորեն: Ըստ հրապարակման՝ սահմանվել է, որ այն չի կարող լինել տարեկան 1 միլիոն դրամից ավելի։
«ԿԳՄՍՆ-ում քննարկում են 1 միլիոնի սահմանափակումը հանելու հարցը: Հիմնավորումն այն է, թե մասնավոր դպրոցներ ու մանկապարտեզներ կան, որտեղ տարեկան վարձը 1 միլիոնից ավելի է»,- նշել է թերթը:
Հիշեցնենք, որ Բրյուսովի անվան համալսարանի դեկան Ցոլակ Ակոպյանը հայտնել էր, որ բուհի հոգաբարձուների խորհրդի նիստում կառավարության ներկայացուցիչները դեմ են քվեարկել բուհերի միավորման օրակարգի հաստատմանը, որում ներառված էր բուհի ռեկտորի ընտրության մրցույթ հայտարարելու հարցը՝ որպես փաստարկ վկայակոչելով առաջիկայում բուհերի միավորումը:
Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2022 թվականի սեպտեմբերի 1-ին հայտարարել էր, որ մտադիր է գնալ բուհերի խոշորացման ճանապարհով՝ ունենալով առավելագույնը 8 պետական բուհ: Կառավարությունն արդեն կողմնորոշվել է «Ակադեմիական քաղաքի» տեղադիրքի հարցով: Այն կկառուցվի Աշտարակում, և միավորվող բուհերը ժամանակի ընթացքում կտեղափոխվեն այնտեղ:
Փաշինյանը 2022 թվականի սեպտեմբերի 12-ին այցելել էր Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում գտնվող ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ, որտեղ քննարկվել էր «Ակադեմիական քաղաքի» կոնցեպտը: Մշակվել է քաղաքի նախնական հատակագիծը, ըստ որի՝ ստեղծվելու են ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի համար անհրաժեշտ բոլոր պայմանները: Բացի բուհերից, քաղաքում հիմնվելու են նաև բնակելի հատվածներ, հետազոտական կենտրոններ, մարզական ենթակառուցվածքներ, զբոսայգի, ամֆիթատրոն: Քաղաքը նախատեսված է լինելու մինչև 50 հազար մարդու համար:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն Armenia Today-ին մեկնաբանել էր Բրյուսովի անվան համալսարանն Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի և Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի հետ միավորելու որոշման հնարավոր առկախման մասին հարցը։