ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը մտադիր է առաջիկայում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջի գործընթաց սկսել, գրում է «Ժողովուրդ» թերթը՝ իր աղբյուրներին հղումով։
Ըստ կայքի տեղեկությունների՝ այս օրերին Աղազարյանը տարբեր հանդիպումներ ու քննարկումներ է ունենում իր նորաստեղծ «Միացյալ ազգային սահմանադրական կուսակցության» ներկայացուցիչների հետ՝ անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու նպատակով։
ԶԼՄ-ն կապ է հաստատել Աղազարյանի հետ՝ պարզաբանելու, թե ե՞րբ է նա սկսելու այս գործընթացը։
«Ապագայի իմ ծրագրերի մասին խոսելը տեղին չեմ համարում»,- հարցին ի պատասխան՝ նշել է պատգամավորը։
Փաշինյանն Աղազարյանին խնդրել էր մանդատը վայր դնել 2024 թվականի հոկտեմբերի 15-ին՝ Քննչական կոմիտեի նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանի հետ ունեցած վիճաբանությունից հետո: Դեկտեմբերի 2-ին Աղազարյանը հայտարարել էր մանդատը վայր դնելու վարչապետի խնդրանքը մերժելու մասին։ Դեկտեմբերի 3-ին ՔՊ վարչության նիստում որոշում էր կայացվել Աղազարյանին հեռացնել կուսակցությունից, իսկ դեկտեմբերի 4-ին նա հայտարարել էր ՔՊ խմբակցությունից դուրս գալու մասին։
Հակակոռուպցիոն կոմիտեն առգրավել էր պատգամավորի հեռախոսը քրեական վարույթի շրջանակներում, որով անցնում էր որպես վկա։ Փաշինյանը հայտարարել էր, որ «Աղազարյանի հեռախոսը վերցնելուց հետո բացահայտել են պետական անվտանգության սպառնալիքներ պարունակող տեղեկություններ, այդ թվում՝ հակահետախուզական սպառնալիքներ»։
Դեկտեմբերի 9-ին դատախազությունն Աղազարյանի կողմից արտահոսքեր կազմակերպելու հրապարակումն ուղարկել էր Հակակոռուպցիոն կոմիտե։ Դեկտեմբերի 10-ին Աղազարյանը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազություն՝ պահանջելով պարզաբանել, թե ինչպե՞ս են իր անձնական տվյալները հայտնվել երրորդ անձանց մոտ։
Փետրվարի 8-ին «Միացյալ ազգային սահմանադրական կուսակցության» հիմնադիր համագումարում Աղազարյանը հայտարարել էր, որ մտադիր է պայքարել կուսակցության հետ՝ 2026 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրություններում վարչապետի չվերընտրվելու համար։ Նա չէր բացառել, որ պայքարը կշարունակվի ոչ միայն մինչև 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները, այլև հնարավոր արտահերթ ընտրությունների դեպքում։