Հայաստանի նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիի հետ, հայտնել է Տեր-Պետրոսյանի մամուլի քարտուղար Արման Մուսինյանը։
«Շուրջ մեկուկես ժամ տեւած զրույցի ընթացքում շոշափվել են հայ-իրանական հարաբերությունների ներկայիս իրավիճակը և դրանց խորացման հեռանկարները»,- գրել է Մուսինյանը Facebook-ում։
Իրանցի դիվանագետի վերջերս հրավիրած ասուլիսը Տեր-Պետրոսյանը «չափազանց բովանդակալից» է անվանել։
2024 թվականի դեկտեմբերի 25-ին ՀՀ առաջին նախագահ Տեր-Պետրոսյանը հայկական Արցախի կորստի պատճառ էր անվանել վարչապետ Նիկոլ Փաշինյանի «արկածախնդրությունը»։ Նա այսպես էր արձագանքել Ադրբեջանի հետ բանակցությունների շուրջ բանավեճ անցկացնելու վարչապետի առաջարկին։
Տեր-Պետրոսյանը առաջարկել էր, որ եթե Փաշինյանը ցանկանում է, որ հանրությունն իմանա ողջ ճշմարտությունը ղարաբաղյան խնդրի կարգավորման դիվանագիտական գործընթացի մասին, ապա կարող է հրապարակել Մինսկի խմբի համանախագահների կողմից պաշտոնապես ներկայացված խաղաղության բոլոր (այդ թվում՝ 2019թ. հունիսի) պլանները և հայկական դիվանագիտության պաշտոնական պատասխանները դրանց։