Հայաստանն ու Ադրբեջանն անհետ կորածների հարցով սահմանին հանդիպում են անցկացրել, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Հանդիպման լուրը հաստատել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը։
Ըստ գերատեսչության՝ տեղի է ունեցել Հայաստանի գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի և Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհայտ կորած քաղաքացիների հարցերով պետական հանձնաժողովի հանդիպումը:
«Հանդիպման ընթացքում կողմերը կարծիքներ են փոխանակել անհայտ կորած անձանց ճակատագրի պարզաբանման հարցերի վերաբերյալ և համաձայնության եկել, որ հանձնաժողովների միջև փոխադարձ համաձայնությամբ քննարկումները կշարունակվեն»,-ասվում է ԱԱԾ-ի հաղորդագրության մեջ:
Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովը ձևավորվել էր 2022թ. հոկտեմբերի 20-ին:
ՀՀ Քննչական կոմիտեն 2024 թվականի հուլիսի 2-ին Armenia Today-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնել էր, որ 1992-2023 թվականներին Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի ձեռնարկած ռազմական գործողությունների հետևանքով անհետ կորածների թիվը կազմում է 1016։
2024-ի օգոստոսի 24-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հայտարարել էր, որ 1990-ականներից սկսած՝ ներկայումս Հարավային Կովկասի տարածաշրջանում հակամարտության հետևանքով անհետ կորած է համարվում շուրջ 1000 հայ։