ԵՄ խորհուրդը երկու տարով երկարաձգել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության մանդատը, հայտնել է կազմակերպության պաշտոնական կայքը։
Առաքելությունը Հայաստանում կգործի մինչև 2027 թվականի փետրվարի 19-ը։ 2025 թվականի փետրվարի 20-ից մինչև 2027 թվականի փետրվարի 19-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում Եվրոպական առաքելության աշխատանքների համար ավելի քան 44 միլիոն եվրո կհատկացվի։
Հայտարարության մեջ նշվում է, որ առաքելությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանմանն ուղղված ԵՄ ջանքերի կարևոր բաղադրիչն է։
«Առաքելության նպատակն է մշտադիտարկել և զեկուցել տեղում իրավիճակի մասին, նպաստել հակամարտությունների հետևանքով տուժած տարածքներում մարդկանց անվտանգության ապահովմանը և, հնարավորության դեպքում, աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ամրապնդմանը»,- ասված է հայտարարության մեջ:
ԵՄ խորհուրդը հիշեցրել է, որ առաքելության առաջադրանքները, որոնք նախատեսված են մանդատով, մնում են անփոփոխ։
2023 թվականի փետրվարի 20-ին մեկնարկել էր ԵՄ-ի քաղաքացիական առաքելությունը Հայաստանում, 2023 թվականի դեկտեմբերին ԵՄ-ն որոշել էր Հայաստանում դիտորդների թիվը 138-ից հասցնել 209-ի:
2024 թվականի նոյեմբերի 23-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ադրբեջանին առաջարկել է ԵՄ դիտորդներին հանել սահմանազատված հատվածներից։ Սեպտեմբերի 1-ին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել էր, որ Երևանի և Բաքվի միջև սահմանազատման հանձնաժողովի վերաբերյալ պայմանավորվածությունը «բավարար է» ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանից դուրս բերելու համար։
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 23-ին հույս էր հայտնել, որ ԵՄ դիտորդները կմնան Հայաստանում այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր չի կնքվել։ Հոկտեմբերի 23-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտնել էր, որ Բրյուսելը դիտարկում է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ժամկետը երկարաձգելու հարցը։
Հունվարի 29-ին ԵՄ երկրների դեսպանները հավանություն էին տվել Հայաստանում դիտորդական առաքելության երկարաձգմանը։