Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քննադատել է հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ այն անվանելով «ուղղակի թղթի կտոր»։ Նա այդ մասին հայտարարել է տրանսպորտի հարցերով հանդիպման ժամանակ, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ալիևը կարծիք է հայտնել, որ առանց Ադրբեջանի մասնակցության նախագիծը «գրոշի արժեք չունի»։ Նրա խոսքով՝ Հայաստանը, ներկայացնելով այս նախագիծը համաշխարհային տերություններին, հաշվի չի առնում Ադրբեջանի առանցքային դերը տարածաշրջանային ենթակառուցվածքներում։
Միևնույն ժամանակ, Ադրբեջանի նախագահն ընդգծել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» նախագծի իրագործման կարևորությունը, որը, նրա կարծիքով, արդեն «ընդունված է միջազգային տերմինաբանության մեջ»։
Նա նշել է, որ թե՛ միջազգային մակարդակով, թե՛ Հայաստանի հետ երկկողմ շփումներում անընդհատ շեշտում են Ադրբեջանից Նախիջևան անարգել անցում ապահովելու անհրաժեշտության մասին։
Ադրբեջանի նախագահը ևս մեկ անգամ պահանջել է, որ «Հայաստանն անհապաղ ապահովի այդ մուտքը»։
2025-ի հունվարին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի օրակարգում «Խաղաղության խաչմերուկ» նախագծից բացի տրանսպորտային կոմունիկացիաների բացման մասով այլ նախագիծ չկա։ Նա այդպես էր մեկնաբանել Ալիևի հայտարարությունը, թե «Զանգեզուրի միջանցքը պետք է բացվի և կբացվի, Հայաստանը չպետք է «աշխարհագրական պատնեշ լինի Թուրքիայի և Ադրբեջանի միջև»։